Հայ գերեվարված զինվորի առնչությամբ խոստացել եմ այլևս ոչինչ չգրել ու առավել ևս` չմեկնաբանել այլոց գրածները: Հատկապես, երբ նյարդերն այսքան պրկված են, երկակի զգացմունքներն ու գնահատականներն`արդիական ու անխնա, երբ ամենայն գրառում, տեսակետ բխեցվում են կեղծ հայրենասիրությունից կամ ազգադավությունից, երբ դժվար է զատորոշել մարդասիրության ու ազգապաշտության սահմանագիծը (և կա՞ արդյոք նման ջրբաժան)… Մեկս դատապարտում է գերյալի (առանց անձնավորման, զուտ տեսակի, հայի ու հայ զինվորի հատկանշմամբ) վարքագիծը, մյուսը` վերապահում ու գութ հասցեում` սպասելով իրերի իրական բացահայտմանը, թեև, մեծ հաշվով, աներկբա է, որ կյանքի ու քաջության խարխուլ մակույկով թշնամու դավադիր ճահճուտում հայտնված երիտասարդի համար այս ամենը դաժան մղձավանջ է ու փորձություն, որի բարեբաստիկ ելքի ու անվնաս վերադարձի համար հավասարապես աղոթում ենք բոլորս: Հարցն է այստեղ տղան չէ, որի անունը միտումնավորապես չեմ հիշատակում, քանզի, նկատի ունենալով երեկվա թյուրիմացությունը, երբ իսկական «թուրքի» անուն վաստակեցի`հայ զինվորի այդ դյուրահանձն տեսակի առնչությամբ, գուցե, մի փոքր զգացմունքային ու բնազդավառ վերաբերմունքի ու գնահատականի համար: ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, նմանօրինակ երևույթնեի ու տեսակի` իմ քննման ու որակման իրավունքով, ոչ թե ընդհանուր հայեցողությանն անվերապահորեն տարալուծվելու քաղաքացիական պարտավորվածությամբ: Քանզի խնդրո առարկան լույսի զինվորն է, որ աննահանջ է ու նպատակասլաց, հավատավոր է ու հավատաբեր, որի մասին ավելի պատկերավոր ու հանճարեղ է բնորոշել, սեպել մեծն Պաոլո Կոելյոն: Մեջբերում եմ գրողի «Լույսի զինվորի գիրքը» քերթությունից մի հատված. «Չնայած շատ տարիներ էին անցել, բայց կինը մնացել էր այնպիսին, ինչպիսին իրենց հանդիպման առաջին օրն էր, և գլխաշորը, որի տակ նա թաքցրել էր մազերը, տարիների ընթացքում ո՛չ խունացել էր, ո՛չ էլ մաշվել: Նա տղային պարզեց կապույտ կազմով մաքուր տետրը և ասաց. -Գրի՛ր. «Լույսի զինվորը ուշադիր նայում է մանկական աչքերին, քանզի նրանց է տրված տեսնելու ցավ ու վշտերից զերծ աշխարհը: Երբ լույսի զինվորն ուզում է իմանալ, թե իր կողքին կանգնողն արդյոք արժանի է վստահության, նա ջանում է տեսնել նրան մանկան աչքերով»: -Իսկ ո՞վ է «լույսի զինվորը»: -Ինքդ գիտես, - ժպիտով պատասխանեց կինը: -Նա, ով ընդունակ է հասնելու կյանքի հրաշքին, մինչև վերջ պայքարելու նրա համար, ինչին հավատում է, և լսելու ծովի խորքերից հնչող զանգերի ղողանջը: Նա իրեն երբեք լույսի զինվոր չէր համարել: Բայց կինը, հավանաբար կարդալով նրա մտքերը, ասաց. «Դրան ընդունակ են բոլորը: Եվ չնայած ոչ ոք իրեն լույսի զինվոր չի համարում, այնուամենայնիվ ամեն մարդ կարող է լույսի զինվոր դառնալ»: Տղան նայում էր տետրի էջերին: Կինը դարձյալ ժպտաց: -Գրի՛ր լույսի զինվորի մասին, - ասաց նա»: (Մեջբերման ավարտ): Երբ 90-ականներին, մեռնելու ուղիղ և իրական վտանգի տակ` իմ եզերքում շարունակում էի ապրել, սովորել, նվագել, նկարել, գրել, չէի կարծում, որ տարիներ անց պիտի մի հարգելի պարոն կամ օրիորդ ինձ մեղադրի դավաճանության մեջ, թուրք կոչի, եթե ես ուզում եմ ուժեղ լինել, որ, չնայած իմ շիտակ ու անշառ մտքի` ծուռ ընկալվելուն, բաց տեքստով երկրորդում, երրորդում, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ եմ, որ հավատում ու երազում եմ, որ գերեվերված հայ որդին դեռ ապացուցելու է իր համարձակ և ուժեղ` ամրահավատ լույսի զինվոր լինելը… Բայց լույսի զինվորի բացակայությունն ու սղությունն ավելի սարսափելի չեն, քան խավարի թագավորությունն ու խավարասերները, որոնք երբեմն կեղծ հայրենապաշտության շղարշով թափառում են մեզանում: Եվ թող անիծյալ լինի մութը, եթե կոչված չէ ընդգծելու լույսի առավելությունը… ԲԱՎ Է, առանձինների ժամանակներն անցան, անհատ հերոսների ու թուլամորթների, կա՛մ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ՈՒԺԵՂ, կա՛մ ՄԵԿՏԵՂ ԵՆՔ ՏԿԱՐ ՈՒ ԴԱՎԱՃԱՆ...



