Tert.am-ը գրում է.

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում մոբիլիզացիայի մասին հայտարարությունն ու Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մի մասը բռնակցելու փորձերը «վտանգավոր պահ են»։

«Ռուսական բանակը հայտնվել է անկյունում, իսկ Պուտինի արձագանքը՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը, շատ վատ է»,- ասել է Բորելը։

Նա նշել է, որ Ուկրաինայում խաղաղության ձեռքբերումը պետք է տեղի ունենա՝ պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլապես ապագայում նորից պատերազմ կլինի։

Ինչ վերաբերում է Պուտինի՝ միջուկային զենք օգտագործելու հնարավոր պատրաստակամության մասին հայտարարություններին, դիվանագետը նշել է, որ ՌԴ նախագահի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել։

«Երբ մարդիկ ասում են, որ դա բլեֆ չէ, պետք է նրանց լուրջ վերաբերվել»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ հեռուստաուղերձն ավարտելուց հետո ասել է, որ հավատում է երկրի քաղաքացիների աջակցությանը։

«Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը (շրջանաձև վեկտորի դիագրամ է, որն արտացոլում է որոշակի ժամանակահատվածում քամու շարժման ուղղությունը) կարող է շրջվել նաև իրենց ուղղությամբ»,- ընդգծել է պետության ղեկավարը։

«Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է, որ կանգնեցնենք նրանց, ովքեր ձգտում են համաշխարհային տիրապետության, ովքեր սպառնում են մասնատել և ստրկացնել մեր Հայրենիքը, մեր երկիրը: Մենք դա հիմա էլ կանենք: Եվ այդպես էլ կլինի: Հավատում եմ ձեր աջակցությանը»,- եզրափակել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխել, արդեն կիրառվում է միջուկային շանտաժ:

«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում ուղղակիորեն դրդում են Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել մեր տարածք, այլևս առանց թաքցնելու ասում են, որ Ռուսաստանը պետք է բոլոր միջոցներով ջախջախվի մարտի դաշտում, որին կհաջորդի տնտեսական, քաղաքական, մշակութային, առհասարակ ցանկացած ինքնիշխանության զրկում՝ մեր երկրի լիակատար թալանով»,- ասել է Պուտինը։

«Գործի է դրվել նաև միջուկային շանտաժ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը բացատրել է, որ խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսվող Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման մասին է, որը հղի է միջուկային աղետի վտանգով, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի՝ միջուկային զենքի կիրառման հնարավորության ու թույլատրելիության վերաբերյալ հայտարարությունների մասին:

«Նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ Ռուսաստանի վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի ոչնչացման տարբեր միջոցներ, իսկ որոշ բաղադրիչներով ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրներինը: Եվ եթե մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել