Lragir.am-ը գրում է.
Սիրիական նոր բանակի գործոնը
2011 թ. գարնան սկզբին սիրիական գեներալիտետը եւ սպայակազմը կանգնեց պատմական ընտրության առաջ՝ որքանով է հարիր լոյալ լինել իշխող ռեժիմին: Պետք է նշել, որ սիրիական բանակի երիտասարդ սպաները աջակցում են սոցիալական եւ քաղաքական փոփոխություններին, միաժամանակ, չնայած էթնոկրոնական ծագման տարբերություններին, սպայական միջավայրում գործնականում չէր նկատվում խմբակային թշնամություն: Կար անտագոնիզմ գեներալների ու կրտսեր սպաների միջեւ՝ զինվորական վերնախավի չափից ավելի հարստացման կապակցությամբ, սակայն, քաղաքացիական դիմակայության սկսվելուց հետո կար ընկալում, որ ներկայում ամեն ինչ կախված է բանակի դիրքորոշումից:
Սիրիացի սպաների նոր սերունդը պատկանում է Արեւմուտքի եւ նախեւառաջ ԱՄՆ հետ համագործակցության կողմնակիցների թվին: Ներկայիս իրադարձությունների աղմուկի ներքո զինված ուժերում տեղի է ունեցել արմատական փոփոխություն կադրերի հարցում, դասալիքներն ու խուճապի մատնվածներն արդեն հասցրել են «արտագաղթել», իրենց հետ տանելով գողացվածը, եւ բացի Թուրքիայից, նրանք ոչ մեկին պետք չեն:
Սիրիական բանակում կոռուպցիայի եւ ընտանեկան «ավանդույթի» հետեւանքով սիրիական բանակում սպաների շրջանում հայտնվեցին ոչ հարուստ ընտանիքներից դուրս եկած բազմաթիվ երիտասարդներ, որոնք բանակ էին մտել երաշխավորված աշխատավարձի համար: Սիրիական բանակի երիտասարդ դասալիք սպաներն իրենց ընտանիքներով նստած են լիբանանյան Սայդե ու Տրիպոլի քաղաքներում, սպասելով հանգուցալուծմանը եւ քննարկելով երկրի պաշտպանության հարցում իրենց շահագրգռվածության բացակայության հարցը:
Նրանց հետ միասին, Բեյրութի արվարձաններում (Զալկե) եւ Ջունիայում, ինչպես նաեւ Ջբելում կուտակվել են մամուլի բազմաթիվ աշխատակիցներ ու ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդիկ Դամասկոսից, որոնք փախել են ոչ թե իշխանության քաղաքականությունից, այլ իսլամիստների բանդաների վախից: Ահա եւ ողջ «քաղաքական էմիգրացիան»:
Սիրիական բանակի մարտունակությունը ներկայում կասկած չի հարուցում, ի տարբերություն 2011 թվականի վիճակի: Ամերիկյան հատուկ ծառայությունները զարմացած են, որ սիրիացի զինվորականները ԱՄՆ հանդեպ ոչ մի թշնամություն չունեն: Հասկանալի է դարձել, որ Սիրիայի հանդեպ ԱՄՆ ագրեսիան կդառնար ամերիկացիները մեծ սխալը, եւ վարչակազմի ոչ մի պատասխանատու դա թույլ չի տա:
Սիրիայի քաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ այսպես թե այնպես հարկ է պայմանավորվել կառուցողական ընդդիմության հետ, ընդ որում՝ դա պետք է արվեր ավելի վաղ: Ամերիկյան օդուժը ճիշտ կաներ զանգվածային հարվածներ հասցներ բարբարոսական զինված բանդաներին, որոնց պահում են Սաուդյան Արաբիան ու Թուրքիան:
Սիրիայի իրադարձություններն ակնհայտ ցուցադրել են Մուսուլման եղբայրներ միջազգային ասոցիացիայի մասնատվածությունն ու բազմադեմությունը, որը կիսվել է արմատական իսլամիստների եւ շարիաթի չափավոր ռեժիմով Սիրիայի ամբողջականությունը պահպանելու կողմնակիցների: Մուսուլման եղբայրների գերակշիռ մասը Սիրիայում հանդես է գալիս ոչ թե պսեւդոիսլամական, այլ ազգայնական դիրքերից եւ շահագրգռված է ներկայիս ռեժիմի պահպանմամբ:
Սիրիայի ընդդիմության մեջ քիչ չեն իսլամ արմատականները, սակայն դա արմատապես տարբերվում է բանդաներից, որոնցից սկսել է զգուշանալ նաեւ ԱՄՆ-ն: Ժամանակն է ասել, որ ներկայում ամերիկացիներն ու իշխող ռեժիմի ներկայացուցիչները բանակցում են, եւ կա այն բանի ընկալումը, որ առաջացել են ինչ որ կեղծ խնդիրներ ու պատկերացումներ:
Այսպես թե այնպես, վճռական նշանակություն է ունենալու աշխարհքաղաքական գործոնը: ԱՄՆ լավ է յուրացրել հետեւյալը՝ ինչ ընթացք էլ ունենան իրադարձությունները Մերձավոր Արեւելքում, որեւէ երկիր, որն իրապես դիմակայում է Թուրքիային, չպետք է թուլանա: Բոլոր պետությունները, որոնք Թուրքիայի շուրջ կազմում են «արգելափակող գոտի», պետք է ստանան որոշակի աջակցություն:
Թուրքիան ակնհայտ տապալվել է արտաքին քաղաքականությունում, եւ նրան ներկայում պետք է լեգիտիմ, հաղթական պատերազմ կամ Մերձավոր Արեւելքում, կամ Հարավային Կովկասում: Անկարան նետվում է կռվի մեջ, եւ այդպիսով մոբիլիզացնում իր հակառակորդներին: Դա ԱՄՆ համար դարձել է նույնպիսի կոնստանտ, ինչպես Իսրայելի շահերի պաշտպանության առաջնահերթությունները:
Սիրիայի պահպանումը որպես գործունակ պետություն Մերձավոր Արեւելքում կհանգեցնի էական փոփոխությունների, որքան էլ դա առեղծվածային հնչի: Սիրիական նոր բանակն արդեն ստեղծվել է. հիմա ի՞նչ, քանդե՞լ այն ու «կանաչ լո՞ւյս վառել» տարածաշրջանում թուրքական զորքերի առաջ:
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հասկանում են, որ չմասնակցելով Սիրիայի ու Լիբանանի հարցում քաղաքականությանը, կորցնում են ազդեցությունը տարածաշրջանում եւ հիմա արդեն՝ վերջնականապես:
Չինաստանը ներկայում շահագրգռված է իրանական-շիա դաշինքին աջակցելու մեջ եւ այս հարցում չէր ցանկանա որեւէ դիմակայություն ԱՄՆ հետ, հասկանալով ամերիկյան իրական շահերը:
Ռուսաստանը կարող էր զգալիորեն ավելի մեծ կշիռ ձեռք բերել Մերձավոր Արեւելքում, ընտրելով «առաջնահերթությունների» քաղաքականությունը եւ ոչ թե «պարիտետը», որը փորձում է իրականացնել օրինակ Հարավային Կովկասում, ինչը վերջին հաշվով հանգեցնում է տարածաշրջանային դիրքերի կորստի:
Մերձավորարեւելյան իրավիճակը որերորդ անգամ ցույց է տալիս, որ լորդ Պալմերսթոնի «հավերժական թշնամիների ու հավերժական շահերի» վերաբերյալ արտահայտությունը դատարկախոսություն է՝ նախատեսված իտալական գավառական դքսությունների համար, բայց ոչ խոշոր տերությունների:
Ռուսաստանը կարծես թե գտնում է իր քաղաքականության ճիշտ վեկտորը, սակայն անցյալի իներցիան չափազանց ձգող է, որը նրան հասցրել է բավական անիմաստ իրավիճակի: Ներկայիս իրավիճակում արդեն ԱՄՆ-ն էլ չի կարող իրեն թույլ տալ «պարիտետի» քաղաքականություն: