1in.am-ը գրում է.
Հայաստանը, լինելով բարձրլեռնային ջրային ռեսուրսների վերաբաշխման առումով ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող, հարևան պետություններին ջուր բաշխող երկիր, ունի ջրօգտագործման տարաբնույթ խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց աշխարհագետ-էկոլոգ Աշոտ Խոյեցյանը:
«Անկախացումից հետո մասնավորեցված տնտեսության պայմաններում գյուղացին սկսեց սեփական հորատանցքեր փորել` տնական պայմաններում հասնելով գրունտային ջրերի որոշակի մակարդակի, դրա արդյունքում ունենք տասնյակ հազարավոր հորատանցքեր Արարատյան դաշտում, որը անապատացման տարածք է: Մենք արդեն 30 հազար հա աղուտ հողեր ունեցող երկիր ենք»,- ասաց նա:
Խոյեցյանի խոսքով՝ Արարատյան դաշտը դարձել է ունիկալ. կողք կողքի ճահճացած, աղակալած հողերի առկայությունը եզակի երևույթ է, որը մարդկային գործունեության հետևանք է: Էկոլոգը փաստեց` մեզ համար այսօր առաջնային վտանգ են ներկայացնում ոչ թե բնականորեն աղակալած, այլ մարդու գործունեության հետևանքով աղակալած հողերը: «Մենք արդեն ունենք Սևանը՝ որպես հիմնախնդիր, դրան արդեն ավելանում է նաև արտեզյան ավազանի հիմնախնդիրը. եղած ռեսուրսների մոտ կեսն է մնացել»,- ասաց նա:
Էկոլոգ-լրագրող Գալուստ Նանյանի խոսքով՝ ներկայում առկա 240 ձկնաբուծական տնտեսությունները 800 մլն խմ արտեզյան ջուր են օգտագործում: Սևանից տարեկան 170 խմ ջուր է օգտագործվում, բացառության կարգով՝ չորս տարին մեկ այդ թիվը հասնում է 320 մլն խմ-ի: «Մենք կորցնում ենք ջրային ավազանը, դա արդեն նկատելի է յուրաքանչյուրիս համար: Ջրառատում, օրինակ, արդեն մակերևութային ջրերն են օգտագործում: Ինչո՞ւ ցամաքեցին տասնամյակներ գոյություն ունեցող աղբյուրները: Այսպես շարունակելու դեպքում կունենանք անապատացում, ընդերքային ջրերի բարձրացում, որի հետևանքով՝ նաև ճահճացում»,- ասաց նա՝ նկատելով, որ ԽՍՀՄ-ը տարիներ շարունակ իրականացրել է ճահիճների ցամաքեցման ծրագիր:
Նանյանն իբրև օրինակ նշեց Սևջուրը, որը Հայաստանի ամենաջրառատ գետն էր, մինչդեռ ներկայում որոշ տարածքներում Սևջրի մակարդակը իջել է: «Պարզ երևում է՝ դա իջած գետ է, այնտեղ տեղի է ունենում ծաղկեցում և մամռակալում, այնտեղի խեցգետինն ավելի թանկ է, քան Սևանինը: Սևջուրը մենք պիտի պահենք, պահպանենք»,- ասաց նա:
Նանյանը նկատեց՝ երկրորդ ատոմակայանի հարց կա, սակայն հայտնի չէ՝ ինչ ջրերով ենք մենք հովացնելու այն, որտեղից ենք վերցնելու ջուրը:
Մասնագետները ստեղծված դրությամբ մատնանշում են մեկ ելք. Հայաստանը պետք է իր ջրային ռեսուրսների օգտագործման նոր ռազմավարություն մշակի, հակառակ պարագայում նրան սպառնում է միգրացիայի նոր տեսակ՝ ագրոմիգրացիա: