Հռետորական հարց, որ չի կարող չծագել

Էրդողանի տեղակալ Ֆուաթ Օքթայը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ դատապարտելով Երևանում Նենսի Փելոսիի կողմից հնչեցված հայտարարությունները, միաժամանակ հստակեցնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակում: Ըստ նրա՝ Թուրքիայի համար լիովին անընդունելի են Փելոսիի երևանյան հայտարարությունները, որոնք իբր պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ։ Թուրք բարձրաստիճան պատոնյան Փելոսիին մեղադրել է «դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու» համար: «Մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթման տակ գտնվող իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»,-գրել է թուրքը։

Փաստորեն՝ հիստերիկ նոպայի մեջ ընկած Ադրբեջանին միանում է նույնպիսի հիստերիայի մեջ ընկած Անկարան, ինչը, իհարկե, անսպասելի չէ՝ նկատի ունենալով, որ վերջին բախումների հիմքում հենց Անկարայի նկրտումներն են ընկած, իսկ Ալիևն ընդամենը Անկարայի կատարածուն է, որ չի կարող չգիտակցել իր քայլերի ռիսկայնության աստիճանը՝ սեփական երկրի ու հասարակության համար: Այսինքն՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածում առավելապես շահագրգիռ է Թուքիան, քան նույնիսկ Բաքուն, որը դարձել է Էրդողանի համար խամաճիկ՝ լրիվությամբ կորցնելով սեփական սուբյեկտայնությունն ու ինքնուրույնության նշույլները, և այս առումով Արևմուտքի խնդիրն է լինելու ոչ թե Իլհամին սանձելը, այլ առավելապես Էրդողանի հետ բացատրական աշխատանքներ տանելը:

Գլխավոր հարցն այս իրավիճակում դառնում է այն, թե ինչ պետք է անի Ամերիկան ու կոլեկտիվ Արևմուտքը՝ զսպելու Թուրքիային, եթե, իհարկե, իսկապես նման ցանկություն կա: Գործիքներ ԱՄՆ-ն ունի՝ սկսած ռազմաքաղաքականից մինչև աշխարհատնտեսական: Ճիշտ է՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե Էրդողանի նկատմամբ լծակներն իրականում այնքան էլ լավ չեն գործում, բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի նախագահը սուվերեն սուբյեկտ չէ ու շատ իմաստներով ի կատար է ածում արևմտյան որոշ կենտորններից իջեցված հրահանգները՝ կենտրոններ, որոնք գուցե վերազգային ու վերպետական բնույթ են կրում:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չառնի, ապա իր այդ վարքագծով հարվածի տակ կդնի Արևմուտքի ու, մասնավորապես, Բայդենի վարչախմբի, ԱՄՆ-ի հեղինակությունը ողջ աշխարհում. կստացվի ԱՄՆ-ն, որ թիվ մեկ գերտերությունն է, մի փսլնքով Իլհամի հախից չի կարողանում գալ: Նման բան հնարավո՞ր է, հնարավո՞ր է, որ Արևմուտքը Իլհամի հախից չկարողանա գալ այն դեպքում, երբ Ադրբեջանն Անգլիայի արտաքնոցն է:

Խոշոր հաշվով Հայաստանի հարց գոյություն չունի, այլ կա Իրանի զսպման խնդիրը՝ պայմանավորված, մասնավորապես, միջուկային գործարքի շուրջ Արևմուտք-Թեհրան բանակցություններում ներկայումս ստեղծված իրավիճակով: Հայաստանն առավելապես ընկալվում է որպես Իրանի շարունակություն, որի չեզոքացումը կարող է կարևոր հարված լինել՝ Իրանին՝ կասկածի տակ դնելով այդ երկրի կենսունակությունը:

Այս պայմաններում արդյոք Արևմոտքի համար կենսակա՞ն է Հայաստանի փրկության հարցը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել