Այս անգամ էլ վերջին օրերի տեղեկատվական տեռորին հետևել է Զաքիր Հասանովի հրամանը՝ բանակի հրամկազմին՝ պատրաստ լինելու վճռականորեն կանխել ցանկացած սադրանք՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ՝ հայկական ԶՈւ ինտենսիվ գնդակոծության հետևանքով:
Բերձորյան դեպքերից առաջ էլ Հասանովը նման հրահանգներ էր իջեցրել իր ենթականերին, և դատելով ամենայնից՝ Ադրբեջանը կրկին պատրաստվում է մարտական գործողությունների:
Եթե իսկապես Բաքուն ունի մտայնություն՝ թեժացնելու իրավիճակը, ապա կասկած չկա, որ Ադրբեջանը միանձնյա կերպով չէ, որ նման որոշում է ընդունել. վերջին շրջանում Թուրքիան ակտիվացրել է իր շփումները ադրբեջանական բանակի հետ, և խիստ հավանական է, որ հենց Թուրքիան է կանգնած այս ամենի հետևում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նպատակներին, ապա դրանք կարող են տարբեր լինել՝ սկսած այս կամ այն հատվածում դիրքային առավելություններ ձեռք բերելուց մինչև բանակցային պրոցես ու խաղաղության համաձայնագիր: Հնարավոր է, որ այդ ամենի հետ մեկտեղ նաև Թուրքիան փորձի նման կերպ ուղերձ հղել ռուսներին՝գնալու զիջումների Թուրքիայի համար կարևոր ինչ-ինչ հարցերում՝ նկատի ունենալով այն,որ Մոսկվայում Էրդողանից կարծես հիասթափություն են ապրել՝ կապված նրա ձախողված միջնորդական ջանքերի հետ:
Մյուս կողմից՝ եթե Ալիևը գնա ռազմական սրման, ապա հարցականի տակ կարող է հայտնվել բրյուսելյան գործընթացը, ինչը կարող է բխել նաև Մոսկայի շահերից: Այս առումով հետաքրքիր կլինի տեսնել թե՛ Արևմուտքի, թե՛ Կրեմլի արձագանքը՝ Ալիևի հնարավոր սադրանքներին. դրանցից կարելի կլինի շատ բան հասկանալ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



