Չինաստանը մտնում է Սյունիք

Սյունիքը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո յուրատեսակ «ուխտատեղի» է դարձել Հայաստանում հավատարմագրված որոշ երկրների համար. պարբերաբար այնտեղ են այցելում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի դեսպանները: Իրանի դեսպանը նույնպես իր հետաքրքրությունն է դրսևորում մարզի նկատմամբ՝ միանգամայն հասկանալի պատճառերով:

Այս անգամ հերթը հասել է Չինաստանի դեսպանին, որ աշխատանքային այց է կատարել՝ Սյունիք (Սյունիքում է առաջին անգամ)՝ հայտարարելով՝ այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։ Ֆան Յոնգը, կարևորելով մարզի նշանակությունը նաև հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների կոնտեքստում, հայտարարել է, որ պատրաստակամ է նաև իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։

Տերությունները՝ լինեն դրանք համաշխարհային, թե՝ տարածաշրջանային, ասես յուրատեսակ մրցավազք են սկսել միմյանց միջև՝ ազդեցություն ձեռք բերելու հատկապես Սյունիքի մարզի վրա: Թե ինչով է դա պայմանավորված, հասկանալի է. կարևորագույն ճանապարհային հանգույց է Հայաստանի հարավային մարզը, որը ունի նաև տնտեսական լուրջ պոտենցիալ:

Չինական կողմի ժեստը, իհարկե, Հայաստանի շահերի տեսանկյունից չափազանց կարևոր իրադարձություն է. դրանով ուղերձ է հղվում այն մասին, որ Սյունիքը չի կարող ստանալ միջանցքային ստատուս կամ դառնալ ուղղակի թուրքերի ոտքի կոխան, որ չի կարող ենթարկվել ռազմական էքսպանսիայի, որ այն Հայաստանի սուվերեն տարածքն է և այլն: Չինաստանի դեսպանի այցը, եթե կուզեք, կարելի է նաև ուղիղ մեսիջ համարել՝ թուրք-ադբեջանական տանդեմին՝ նրանց կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» կոնտեքստում, որը Հայաստանի թշնամիները կոնկրետ Չինաստանին մատուցում են որպես Մետաքսի ճանապարհի կարևորագույն օղակ և այլն:

Հիմա մնում է հուսալ, որ «հանճարների» կառավարությունը Չինաստանի ուղերձները ականջի հետև չի գցի ու միայն խոսքերով չի սահմանափակվի: Հարկավոր է սեղմել Չինաստանի ձեռքն ու դադարել Հայաստանը գլորել ձորը՝ տխմար ու անհասկանալի արտաքին քաղաքականություն վարելով:

Չենք մոռանում, չէ՞, ով է ՀՀ արտգործնախարարը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել