Սուրմալույի մասին ինչ ասես ասին, նույնիսկ բացահայտեցին, որ Սուրբ Մարիամի աղավաղված անունը կրող այդ շուկան պայթեց Մարիամի փոխակերպման տոնի օրը, սակայն, չգիտես ինչու, ոչ մեկ չհիշեց, որ Սուրմալու նահանգը առաջիններից էր ու կարևորագույններից, որ հանձնվեց թուրքերին ռուսական կայսր Պետրոս առաջինի կողմից, որպեսզի Պարսկաստանը կտրի Կոֆկասից: Գիտե՞ք` էլ ինչի մասին ոչ մեկ չի խոսում, օրինակ այն մասին, որ օրերս Իրանում արգելափակումից հանել են Ֆեյսբուքն ու Յութուբը, իսկ Իրանի սև շուկայում դոլարի կուրսը մի քանի օրում 15%-ով ընկել է դոլարի մեծ ներհոսքի պատճառով:
Հայաստանում սրա մասին ոչ մեկ չի խոսում, թեպետ այս ամենը համաշխարհային մակարդակի իրադարձություն է, որը վճռորոշ է կոնկրետ մեզ համար: Այս իրադարձությունները տեղի ունեցան Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին բանակցային փուլի հաջողությունների արդյունքում: Բնական է, որ դա արդեն իսկ բազմաթիվ հետևանքներ է ունեցել աշխարհում և մեզ մոտ:
Համաձայնագրի այս տեքստը ԵՄ-ն Իրանին փոխանցեց օգոստոսի 13-ին ու ասաց, որ սպասելու է մինչև 15-ի կեսգիշերը: Հաջորդ օրը Սուրմալուն պայթեց ու ակնհայտ դարձավ, որ Իրանը ընդունելու է առաջարկը: Փաշինյանը սուգ հայտարարեց ու դրանից հետո մեկնեց Վրաստանի հետ սահման` բացելու «բարեկամության կամուրջը»: Կամուրջ, որը նախագծվել էր Սերժ Սարգսյանի օրոք, իսկ ֆինանսավորվել ու կառուցվել էր Իրանի կողմից: Կամուրջ, որն ըստ էության սեպ է խրում ռուս-թուրքական կոնտինենտալ նկրտումների մեջ ոչ պակաս, քան հայկական մնացող Սյունիքը:
Բնական է, որ Ռուսաստանի դեսպանատունը կտրուկ ակտիվանում է Հայաստանում` սկզբից Փաշինյանին մեղադրելով ռուսոֆոբիայի մեջ, իսկ հաջորդ օրը ծաղիկներ դնելով Օշականում գտնվող ռուս-պարսկական պատերազմում զոհվածների հուշարձանին: Խոսքն անշուշտ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին նվիրված արձանի մասին է, ոչ թե Պետրոս առաջինի 1722-23 թվականների Պարսկական արշավանքի մասին, քանի որ այդ արշավանքի արդյունքում ռուսները սադրում են հայերին ապստամբել պարսից շահի դեմ ու դրա հաշվին մտնում են կասպիական ափերը վերցնելու, իսկ վերցնելուն պես մեզ փուռն են տալիս` Կոստանդնուպոլսում 1724 հուլիսի 12-ին կնքված պայմանագրով, ըստ որի Օսմաններին են անցնում հայկական տարածքները այդ թվում նաև տխրահռչակ Սուրմալուն, Նախիջևանը, Արցախը, Գանձակը, Գողթը, Օրդուբադը, Սյունիքը, Ապարանը, Երևանը և այլն:
Դե թուրքերի հետ Պետրոսը ոտք գցելու ցանկություն չուներ, քանի որ սրանից մի քանի տարի առաջ անփառունակ կերպով ջախջախվել էր ու շրջափակվել վեզիր Բաթալաջ փաշայի կողմից: Ազատ արձակվելու դիմաց Պետրոսը ստիպված եղավ թուրքերին հանձնել Ազովն ու իր կնոջ` Եկատերինայի ողջ ոսկեղենը: Էս խայտառակության համեմատ հայերին տված խոստումները մոռանալն ու ըստ էության մատաղ անելը հեչ գին էր Դերբենտը պահելու համար:
Հայտնի է, որ հիշյալ ռուս-թուրքական համաձայնագիրը կնքելուց մեկ ամիս առաջ Իվան Կարապետ անունով Պետերբուրգի մի հայ առևտրական որպես ռուս, արքունիքի պատվիրակ, ժամանել է Արցախ ու Խամսայի մելիքներին հանձնել Պետրոսի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և Ռուսաստանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում։ Մի քանի շաբաթ հետո մեզ խուրդում են: Մեր Կարապետ-Իվանն էլ հետ ա գնում Պիտեռ...
Իմիջիայլոց ռուսները տվյալ պարագայում միայն մեզ չէ որ ծախեցին, նույն ճակատագիրը բաժին հասավ բալկանների քրիստոնյաներին ու հույներին, որոնք, ռուսների խոստումներին խաբնվելով, ապստամբում են Օսմանների դեմ:
Թուրքերն էլ ռուսների հետ կնքված համաձայնագրի հիման վրա գալիս ու զանգվածաբար փռթում ու տեղահանում են հայերիս, որոնց օգնելու ցանկություն չունեին` ոչ մեր կողմից դավաճանված պարսիկները, ոչ էլ «խոստումնալից» ռուսները: Այսպես, օրինակ` հենց իմ ցեղը զանգեզուրցուց դարձան մարտակերտցի: Ցեղ ասածն էլ չափազանցություն է` մի տղա երեխա էր ողջ մնացել: Սա հայերին ցեղասպանելու ու հայրենազրկելու առաջին խոշոր դրվագն էր, երկրորդ դրվագը, որը սկսեց 19րդ դարի կեսերին ու ավարտվեց 1920ականներին, արդեն հենց վերոհիշյալ 1826-1828 թվականին ռուսական զորքի այստեղ հայտնվելու պատճառով տեղի ունեցավ: Երրորդ դրվագին էլ հենց հիմա եք ականատես լինում:
Անշուշտ հեշտ չէր հայերի կյանքը` ոչ Պարսկաստանում, ոչ էլ Օսմանյան կայսրությունում, թեկուզ և մեր չափ դպրոց տարածաշրջանում ոչ մեկ չուներ, ոչ էլ այդքան կապիտալ ունեցող կար և ոչ մեկ չէր խոչընդոտում օրինակ մեր եկեղեցիների կառուցմանը: Սակայն եթե չլինեին ռուսական արշավանքները, մենք 3 միլիոնի փոխարեն ըստ ամենայնի կլինեինք մոտ 30 միլիոն ու կունենայինք լրիվ ուրիշ կշիռ ու սահմաններ, հայերն էլ կխոսեին ու կգրեին դասական ոճով ու իրենց նիստ ու կացով ավելի նման կլինեին էսօրվա սիրիահայերին ու պարսկահայերին: Մինչդեռ հիմա մեծ առումով տիպիկ հյուսիս կովկասցուց գրեթե չենք տարբերվում...
Հ.Գ. Առաջիմ նկարում պատկերված է 1655 թվականին Իրանում կառուցված մեր բազմաթիվ եկեղեցիներից մեկը, որը պահպանվում ու նորոգվում է Իրանի բյուջեի հաշվին, սակայն մուտքի համար վճարող հազարավոր իրանցիների գումարները անցնում են մեր եկեղեցուն, ավելի ստույգ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը, որը ուշագրավ և շատ օրինաչափ փաստ է: Երկրորդ նկարում մինչ օրս գործող ու պետբյուջեի հաշվին պարբերաբար նորոգվող Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկն է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այն վերակառուցվել է 1731 թվականին: Երրորդ նկարում Ստամբուլում գործող մեկ այլ հայկական եկեղեցի է՝ Սուրբ Գևորգը: Այն կառուցվել է 11րդ դարում և մինչև Կոստանդնուպոլիսի անկումը հույներին էր պատկանում, իսկ անկման պես սուլթան Մեհմետ 2րդը այն խլեց հույներից ու տվեց հայերիս: Այս եկեղեցին վերանորոգվել է 1722 թվականին: Ստամբուլի Սուրբ Նշան եկեղեցին նույնպես 18րդ դարում է վերակառուցվել: Այսինքն այդ տարիներին ստեղ մեզ կոտորում էին, որ էլ ռուսական ավանտյուրաներին չմասնակցենք, իսկ ընդեղ մեծ եկեղեցիներ կառուցում ու նորոգում: Պատմությունը հետագայում ցույց կտա, որ այս ամենից մենք չխրատվանք:
Իմիջիայլոց աշխարհի ամենահայաշատ քաղաք Մոսկվայում, որտեղ Երևանից շատ հայ է բնակվում, ժամանակին կար երեք հայկական եկեղեցի որոնք պայթեցվել են 1930ականներին, իսկ այս պահին կա երկու հատ մատուռ ու մեկ եկեղեցի, որտեղ մերօրյա «Իվան Կարապետ»՝ Դոն Պիպոն խաչակիրներ է հավաքագրում որ գա մեզ փրկի պարսիկներից... ենթադրում եմ նորից Մեղրին թուրքին տալու գնով, ու այդ ամենը արվում է որտև «հայերը ընտրեցին Նիկոլին»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid09CcVQkSeR2XvLXE1gWoBd5S7mNJnvs8atVBDixxsKo2XK2d23VSmq6r3b8aQoueBl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել