Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման համար իր ապավինած մեթոդը պետք է անհապաղ փոխի. ուժի կիրառումը միշտ ստանում է համապատասխան ռեակցիա: Դժվար է ուժով կարգի բերել այն քաղաքացուն (իհարկե, խոսքը չի գնում ակնհայտ, միտումնավոր խախտումներ անողներին), ում գիտակցության մեջ նստած է սեփական իրավունքների պաշտպանության քաղաքացիական ըմբոստությունը: Այսպես մեծանում են դժգոհությունն ու անվստահությունը ոստիկանության հանդեպ, սեփական շահերի ու իրավունքների պայքարի գիտակցման ու դրան հասնելու կամքը: Մարդկանց կատեգորիկ-իմպերատիվը դրսևորվում է քաղաքացիականության, սոցիալական մշակույթի, սեփական իրավունքների պաշտպանության իրավագիտակցության ու դրանք կյանքի կոչելու մեջ: Կոմիտաս 5 հասցեում ոստիկանական ուժերի գործունեությունն իր անհամարժեքությամբ, ընդհանրական շահերի կարևորության անտեսմամբ հանրության մոտ ոստիկանության նկատմամբ օբյեկտիվորեն առաջացրել է մեկ անձի շահերի դիմաց ամբողջի շահերի ստորադասման միտում: Հետևաբար, այստեղ մասնակցային գործառնության սրացում պետք է նկատվի, և դա ամենևին էլ չի նշանակում հասարակական կարգի խախտում, որովհետև մասնակցող մարդը նույնպես այդ հասարակության և դրա կարգի մեջ ինքնադրսևորվող սուբյեկտ է, ում իրավունքները կոպտորեն խախտվում են, սակայն կառավարությունը պատժում է հենց իրեն: Եվ խնդիրն այստեղ միայն ոստիկանության մեջ չէ, դրա աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ, անվայել, բռնի գործողությունների համալիրը չէ, գործողություններ, որոնք այլևս դարձել են ինստիտուցիոնալ և ձևավորել համապատասխան կազմակերպա-վարքաբանական կառուցվածք: Խնդիրը շատ խորքային է, խրոնիկ, նույնիսկ ռեգրեսիվ ախտանիշներով առլեցուն: Մի հատկանշական փաստ ևս. բացի «Հայլուրից» և Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, որևէ այլ աղբյուրից չես լսի, որ ոստիկանությունը համարժեք է իրեն դրսևորել: Ուրեմն բոլորը սխա՞լ են, և միայն այդ երկու աղբյուրնե՞րն են ճիշտ: Ռեպրեսիան ամենածայրահեղ քայլն է, որին դիմում է դեմոկրատական երկրի ոստիկանությունը, որովհետև վերջինս ամենաթանկ ռեսուրսն է: Դրա համար պետք է համալրվել որակյալ, պրոֆեսիոնալ կադրերով, ովքեր լավ կհասկանան զանգվածային հոգեբանությունը, դրանից բխող պահանջմունքային հոգեվիճակը և կունենան դրանց արձագանքելու համապատասխան հմտություններ: Պետք է ժամ առաջ համալրվել անպայմանորեն քաղաքացիական գիտակցությամբ և մտածելակերպով օժտված կադրերով, դա թույլ կտա, որպեսզի ոստիկանն ունենա նաև քաղաքացիական իդենտիֆիկացիա, երբ իքն իրեն կնույնացնի այն քաղաքացու հետ, ով դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու: Այսպես միայն կարելի է շահել հասարակական վստահությունը, իսկ առանց դրա ոստիկանությունն ընդամենը զինված խմբավորում է, իսկ ոստիկանական համազգեստը` զգուշանալու, փախուստի և այլ խուսափողական վարքի առաջացման դեմոնիզացված խորհրդանիշ:



