Ադրբեջանի նախագահի քարոզչությամբ զբաղվող մի լրատվամիջոցի ղեկավարը հասել է Արցախ, մտել Բերձոր ու Աղավնո, ռեպորտաժ նկարել։
Էյնուլա Ֆաթուլաևին հաջողվել է նկարահանումներ անել Բերձորում, Աղավնոյում, զրուցել տեղի բնակիչների հետ, անգամ մտնել Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի աշխատասենյակ ու հարցազրույց նկարել։
Շատերին, իհարկե, կհետաքրքրի, թե ադրբեջանցի լրագրողին ինչպես է այդ ամենը հաջողվել, և ինչու է Անդրանիկ Չավուշյանը հանդուրժել նրա ներկայությունը Աղավնոյում։
Իրականում ադրբեջանցի հայատյաց լրագրողը Բերձոր և Աղավնո է ուղևորվել 2 ռուս խաղաղապահների, հավանաբար բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ։
Բերձորում և Աղավնոյում այդ ադրբեջանցի լրագրողին ներկայացրել են որպես այլ երկրից եկած գործչի, որը ուզում է իրականությունը նկարել մեր հայրենիքի մասին։ Բնական է, որ արտասահմանցի լրագրողին, ով եկել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, որևէ մեկը չէր կասկածի։
Այստեղ է, որ պաշտոնական Ստեփանակերտը և նաև պաշտոնական Երևանը պետք է բացատրություն պահանջեն ռուսական կողմից, թե ինչու է ադրբեջանցին ռուսների ուղեկցությամբ և այն էլ խաբեությամբ հայտնվել Արցախի հայաբնակ տարածքում։ Ռուսները գոնե գիտե՞ն, որ ադրբեջանական այդ լրատվամիջոցն ու լրագրողը գիշեր-ցերեկ զբաղված են հակառուսական քարոզչությամբ և ռուսների նկատմամբ ատելության տարածմամբ։
Ռուսական կողմը պետք է արագ կերպով պատժի ադրբեջանցուն օգնած խաղաղապահներին և ներողություն խնդրի պատահարի համար, այդ երկու խաղաղապահները առնվազն պետք է հետ կանչվեն և հեռանան Արցախից, քանի որ խախտել են անվտանգության պահպանման սկզբունքը։
Ասենք թե այդ պահին Աղավնոյում ես լինեի ու բնականաբար կճանաչեի Էյնուլա Ֆաթուլաևին։ Ինչպե՞ս էին հետագայում ռուսները բացատրելու այդ մարդու դաժան պատիժը արցախցիների կողմից։ Արդյո՞ք սխալ կանեին Անդրանիկը կամ այնտեղ եղած մեր մյուս հայրենակիցները, եթե ստեր հորինած ադրբեջանցի լրագրողին տեղում պատժեին այնպես, ինչպես թշնամին է վարվում մեր գերիների նկատմամբ։ Եվ այդ պարագայում ի՞նչ էին ասելու ադրբեջանցուն Բերձորում ու Աղավնոյում ուղեկցած երկու ռուս խաղաղապահները։
Սա լրջագույն խախտում է ռուսական կողմից, ինչը հանգեցնելու է ռուսների նկատմամբ Արցախում վստահության անկման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել