168.am-ը գրում է․

Կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում հերթական արտոնությունները տրվեցին. գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար բավարարվեցին «ՄՈՒԼՏԻ ՖՈՒԴ», «ԴՈԼՈՄԻՏԻ», «ԴԻՋԻՓՐՈՓԵՐԹԻ» ընկերությունների ներկայացրած հայտերը:

Ներկայացված նախագծի համաձայն՝ 2016 թ. հիմնադրված «ՄՈՒԼՏԻ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով կառուցվելու է վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն:

«Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 79 մլն դրամ»,- նշվում է հիմնավորման մեջ:

«ԴՈԼՈՄԻՏԻ» ընկերության դեպքում  արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 75 մլն դրամ: Այս նորաստեղծ ընկերությունը (2022 թ.) ևս նախատեսում է ներմուծվող ապրանքներով 3 հա տարածքում կառուցել վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն. արտադրությունն իրականացվելու է Արագածոտնի մարզում:

Հիմնավորումից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է 2․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 150 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար,  ստեղծել 60 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով:

«ԴԻՋԻՓՐՈՓԵՐԹԻ» ՍՊԸ-ն էլ ներմուծվող ապրանքներով Իսակովի 13/12 հասցեում կառուցելու է  ՏՏ կենտրոնի նոր մասնաշենք, որտեղ, ըստ նախագծի հիմնավորման, նախնական հաշվարկով՝ կաշխատեն 1300-1500 աշխատակիցներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել