Emedia.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ցանկանում է մինչև սեպտեմբերի 1-ը, երբ Եվրոպայում ավարտվում է ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակաշրջանը, լքել թիմը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Բրազիլացին հայտարարել է, որ ավելի հաճախ է ցանկանում դաշտ դուրս գալ, բայց «Ռեալ»-ում ինքը դրա հետ կապված խնդիրներ ունի:
«Ղեկավարությունը տեղյակ է իմ որոշման մասին: Հուսով եմ նրանք ինձ կօգնեն համապատասխան տարբերակ գտնել: Բրազիլիա վերադառնալ ես արդեն չեմ կարող, շուկան փակ է: Մնում են եվրոպական ակումբները»,- հայտարարել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Խաղային պրակտիկա ստանալու համար, Կական պատրաստ է հրաժարվել 15մլն եվրոյից, որը նա կստանար մադրիդյան ակումբի հետ կնքած պայմանագրի մնացած երկու տարում:
Պարբերականի տվյալներով, բրազիլացու համար հիմնական թեկնածու է հանդիսանում իտալական «Միլան»-ը, որտեղից էլ Կական 2009թ-ից գրեթե 70մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»: Ակումբի նախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է Կակայով: