Մոտ մեկ տարի առաջ ՖԲ-ում մենք շրջանառության մեջ դրեցինք «ժողովրդական լուստրացիա» դարձվածքը, որի իմաստը կայանում է հետևյալում: Խորհրդային Միության «փլուզումը» բնավ չի նշանակում ռուսական կայսրության փլուզում: Կոմունիստները երբեք կամավոր չէին քանդի սեփական վարդապետությունը ու ջրի երես հանեին չարիքի կայսրության եղեռնագործությունները և դրանց հեղինակներին: Ուստի, Գորբաչևից սկսած առ այսօր նրանք  զանազան խաղերով, զանազան հնարքներով, զանազան դիմակների տակ կերպարանափոխվելով շարունակում են երկարաձգել իրնց գոյությունը:

 

   Բնական է, որ դա անելու և ժողովուրդներին հիմարացնելու, անիրազեկ պահելու լավագույն ձևը «չարիքի կայսրության» արխիվները փակի տակ պահելն է, որպեսզի մարդիկ իրականում չիմանան, թե ինչպիսի անմարդկային հանցագործություններ են կատարվել ու կատարվում, և ովքեր են դրանց հեղինակները: Այս ձևով տերերը կարողանում են «շրջանառության» մեջ դնել իրենց հին ու նոր կադրերին, նրանց միջոցով շարունակում են մնալ դրության տերը, իրենց ձեռքերում պահել ազդեցության լծակները և միացյալ ուժերով կասեցնել իրական ընդդիմության, ժողովրդական անհնազանդության բոլոր փորձերը:

 

    Վերջին ժամանակաշրջանում շնորհիվ համացանցի և հատկապես  ՖԲ-ի, ժողովուրդը կարողանում է ազատ ու անկաշկանդ խոսել, տեղեկություններ փոխանակել այն ամենի մասին, ինչը տաբուի տակ է իշխանությունների, նրանց ձեռքի խաղալիք «ընդդիմության» և միացյալ ուժերով վերահսկվող մամուլի կողմից: «Ազատության և ժողովրդավարության» այս նենգախաղը, բոլոր տեսակի իմիտացիոն պրոցեսները արվում են նրա համար, որպեսզի կայսրությունը հնարավորին չափ երկարացնի իր գոյությունը, ժամանակ շահի, որպեսզի սերունդներ փոխվեն, կենդանի վկաներն անցնեն գնան այս աշխարհից:

 

   Հենց Հայաստանի օրինակով: Ապա մի տեսեք, թե ինչպիսի՜ բացահայտումներ են տեղի ունենում, իշխանություն «ընդդիմություն» ինչպե՜ս են գրկախառնվում, «կլիենտուրան» ամբողջովին լծվել է պետականակետման հզորացմանը, «ապահով» Հայաստանի ստեղծմանը: Ինչպիսի՜ քաղաքական օրջիների ենք ականատես լինում: Է՛լ վարչապետի թամադայությամբ կարկառուն «ընդդիմադրի» ծնունդ, է՛լ պաշտոններ, է՛լ դեսպաններ, է՛լ խնամի, է՛լ բիզնես ... է՛լ ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ...

 

  Դիմակախաղը մոտենում է ավարտին, կադրերը սկսել են հատել: Տերերը կադրերի այնպիսի «դեֆիցիտ» ունեն, որ սկսել են ափաշկարա ջրի երես հանել, անգամ «վառել» իրենց չբացահայտված կադրերին և վտանգել 30 տարի առաջ սկսված դիմակահանդեսի շարունակությունը: Մախատը ծակում և պարկից դուրս է հանում գլուխը, մեղքերի և մեղավորների պարտակելը գնալով դժվարանում է: Մանավանդ փոքրիկ Հայաստանի համար կադրերը խիստ «սղություն» են անում, «պահուստաֆոնդը» դատարկվում է: Հարկավոր է մի կերպ դիմանալ մինչև քաղաքակիրթ աշխարհին «ինտեգրվելը», մինչև եվրոպաներում ու ամերիկաներում «կրթվող», սակայն երբեք տուն չվերադարձող՝ իրենց  բութ և շատակեր թուլեքին իշխանության «պաս» տալը... 

 

    Այն, ինչը դեռ փակի տակ է,  սկսում է ջրի երես ելնել այլ ճանապարհով, պարզապես քթի ծակ և աչք է պետք ունենալ դա տեսնելու և հասկանալու  համար: ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼՈՒՍՏՐԱՑԻԱՆ թափ է հավաքում, սպասենք նորանոր բացահայտումների, որոնց վերջը ՊԱՅԹՅՈՒՆ Է լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել