Հարավկովկասյան տարածաշրջանային օրակարգի առաջնախնդիրները՝ վերջին տեղեկատվական հոսքերի գնահատմամբ
Օգոստոսի 11-ին Հայաստան-հարևաններ հարաբերությունների տիրույթում արձանագրված մի քանի զարգացում առնվազն մակերեսորեն թույլ է տալիս գնահատել գլոբալ և աշխարհաքաղաքական մակարդակներում եռացող քաղաքական գործընթացների համատեքստում հարավկովկասյան քաղաքական օրակարգերի զգայուն կետերը։
Այս տեսանկյունից կարելի է հստակ գնահատել, որ ադրբեջանահայկական հակամարտության առանձին բաղադրիչներ շարունակում են ակտիվ օրակարգային մակարդակում առնվազն մտահոգել կամ զգայունություն պահանջել տարածաշրջանում ակտիվ դերակատարներից։
Այյսպես՝
1. Տեղի է ունեցել Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույց, որի ընթացքում Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:
2. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաստատել է Աբեդին Վարամինին Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը։
Վերոնշյալ տեղեկատվությունը ևս թույլ է տալիս գնահատելու, որ տարածաշրջանային քաղաքական օրակարգում առաջնային խնդիր է ադրբեջանաթուրքական «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, և Իրանը պատրաստ է սեփական գործիքակազմով հակազդել պանթյուրքական ծրագրերի իրականացմանը։
Բացի այդ, նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տարածեցոին Թուրքիայի ԱԳ անանուն պաշտոնյայի բավականաչափ հանգամանալից տեսակետերը Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հակիրճ գնահատմամբ՝ նման արտահոսքի բովանդակությունն այն մասին էր թե որքան բարդ, բազմաշերտ և ժամանակատար է կարգավորման գործընթացը, և, որ այն զուգահեռ է Ադրբեջան-Հայաստան գործընթացին։ Այսինքն՝ Հայաստանը Թուրքիայից կոնկրետ քայլեր ակնկալելուց առաջ՝ առաջանցիկ քայլեր պետք է իրականացնի Ադրբեջանի հետ կարգավորման շրջանակում։ Այս համատեքստում ևս հատուկ շեշտադրվում էր «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին։
Վերոնշյալը հերթական անգամ ամրապնդում է տարածաշրջանային անկանխատեսելիության հանգամանքը, և թե որքան կարևոր է Հայաստանի համար բոլոր շահագրգիռ դերակատարների քայլերը հնարավորինս հաշվարկելու կարողությունը, որը հնարավորություն կընձեռի Երևանին ինչպես հավելյալ մանևրների, այնպես էլ նոր զիջում-կորուստներից խուսափելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել