«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ներկայումս ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է. «Փակ շուկան, հուշարձանը աղճատված է։ Այսինքն, բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին։ Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչև փորձենք այլ լուծումներ գտնենք։ Համենայն դեպս ես չեմ կարծում, որ հարցը պետք է այդպես մնա»։ Մեր թղթակցի հարցին, թե Դուք անձամբ ի՞նչ եք արել, որ այդպես չլիներ, «բռունցքը խփել եք սեղանին, հրաժարականի դիմում եք ներկայացրել... ի՞նչ եք արել», Նարեկ Սարգսյանը պատասխանել է. «Ամեն ինչ արել եմ։ Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ես շատ բան արել եմ, բայց չի հաջողվել»,– ասել է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը։

 Փակագծերը չգիտենք, բայց այ չակերտներ բացել կարելի է։ Դեռ մոտ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի դահլիճում հրավիրած ասուլիսի ժամանակ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, թե «Փակ շուկան խիստ հսկողության տակ է և Երևանի քաղաքապետարանի, և Մշակույթի նախարարության կողմից, ու որևէ կասկած չպետք է լինի, որ շենքը կպահպանի իր նախնական տեսքը»։ Այդ ժամանակ, երբ Նարեկ Աարգսյանը հորդորում էր կասկածներ չունենալ, որ շենքը կպահպանի իր նախնական տեսքը, մասնավորապես մեր թերթը, գրեթե ամենօրյա ռեժիմով, հրապարակում էր օրեցօր քարուքանդ արվող հուշարձան շենքի լուսանկարները տարբեր դիտակետերից։ Իսկ Նարեկ Սարգսյանը ասում էր, որ «որևէ կասկած չպետք է լինի»»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել