Բերձորում, Աղավոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում:
Բացատրեմ թե ինչու եմ սա որակում էթնիկ զտում:
Արցախյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը կարգավորվում է 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ (փաստաթղթի իրավական կարգավիճակը այս պահին չեմ ցանկանում քննարկել): Այդ փաստաթույթն ունի ահռելի քաղաքական և անվտանգային ուժ և նշանակություն, ճանաչված է ինչպես այն ստորագրող կողմերի, այնպես էլ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից:
Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ մասը սահմանում է, որ.
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:»:
Ինչպես տեսանք, Լաչինի միջանցքը նոր ճանապարհով փոխարինելու համար անհրաժեշտ է երկու նախապայման.
1. կողմերի համաձայնություն, ինչը պետք է արտացոլված լինի նոր համաձայնագրով, և
2. նոր երթուղու կառուցման նախագիծ, որը պետք է հաստատվի երեք տարվա ընթացքում, որին պետք է հաջորդի նոր ճանապարհի կառուցումը:
Կողմերի համաձայնությունը հավաստող կամ հաստատող որևէ փաստաթուղ մինչ օրս չի հանրայինացվել. կամ դա արվել է գաղտնի՝ ժողովրդի թիկունքում, կամ այդպիսի համաձայնագիր ուղղակի գոյություն չունի:
Ինչ վերաբերում է նոր ճանապարհի նախագծմանը, ապա այն պետք է տեղի ունենար մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը, որից հետո այդ նախագիծը պետք է հանրայինացվեր՝ Արցախի և Հայաստանի քաղաքացիներին նոր ճանապարհը ներկայացնելու համար:
Նախագծման մասին ՀՀ կառավարությունը, որպես հայտարարության կողմ, որևէ տեղեկատվություն չի տրամադրել ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի բնակիչներին. հանրությունն այդ մասին տեղեկացել է ադրբեջանի կողմից շինարարական աշխատանքները սկսելուց հետո՝ կողմնակի աղբյուրներից:
ադրբեջանն այդ ճանապարհը նախագծել և կառուցել է մեկ տարի և ինը ամսվա ընթացքում, մինչդեռ միայն նախագծման համար նոյեմբերի 9-ի հայտարությունը սահմանել է երեք տարի ժամկետ:
Բացի վերը նշվածից, Լաչինի միջանցքի բնակավայրերն ադրբեջանին հանձնելու մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ դրույթ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ, ինչը նշանակում է, որ իրենց կամքին հակառակ Բերձորի, Աղավնոյի և Լաչինի միջանցքի այլ բնկավայրերի բնակիչների տեղահանումն ապօրինի է, կրում է կամայական բնույթ և նպատակ է հետապնդում զտել այդ տարածքը էթնիկ հայերից:
Այս ամբողջ պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ իրենց տները լքելու պահանջ Լաչինի միջանցքի բնակիչներին ներկայացրել է Արցախի իշխանությունը, որը չի հանդիսանում նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, հետևաբար չունի իրավասություն իրականացնել այդպիսի գործունեություն:
Դա պետք է իրականցներ ՀՀ իշխանությունը: Իսկ թե ինչու է ՀՀ իշխանությունն իր գործը բարդել Արցախի իշխանության վրա, առանձին քննարկման նյութ է:
Լաչինի միջանցքի բնակավայրերի բնակիչները գտնվում են ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, որոնք, Ադրբեջանի հետ համատեղ պարտավոր են երաշխավորել ինչպես նրանց, այնպես էլ այդ միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահների պարտվորությունը կարող է դադարել ՄԻԱՅՆ կողմերի համաձայնությամբ նոր ճանապարհի նախագծման և շինարարության ավարտից, ինչպես նաև ՌԴ խաղաղապահների այդ ճանապարհ վերատեղակայումից հետո:
ՀՀ իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է մեզ տրամադրել Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի կառուցման նախագծի շուրջ ձեռք բերված նոր համաձայնագրի տեքստը, այն ստորագրող սուբյեկտների անունները և ժամկետը:
Իսկ եթե այդպիսի համաձայնագիր առկա չէ, ապա ամբողջ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի՝ մինչև անհրաժեշտ փաստաթղթերի մշակումն ու համաձայնեցումը:
Մինչև այդ նոր համաձայնագրի հրապարակումը, Լաչինի միջանցքի բնակավայրերի բնակիչների հարկադիր տարհանում ՉԻ ԿԱՐՈՂ իրականացվել. դա ապօրինի է, կրում է կամայական բնույթ և հետագայում գնահատվելու է որպես էթնիկ զտում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/pfbid02j3SGP3k5aLyyqgDg2MoMQPEXHoqfNaov6ZnXDaCqnKEJmANJB7TujhyqWo2uwftvl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել