Խաղաղապահների վերաբերյալ Նիկոլի ոչ միանշանակ հայտարարություններին Պեսկովի հնչեցրած արձագանքին հաջորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Պնոմպենում հնչեցրած մեկնաբանությունը, որում Լավրովն իր տարակուսանքն է արտահայտել ու հայտարարել, որ իրենք չեն տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում:
 
Արձագանքելով Նիկոլի հայտարարություններին՝ Պեսկովը, օրինակ, հայտարարել էր, որ Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների վերաբերյալ Հայաստանի ունեցած հարցերը հնարավոր է պարզաբանել երկխոսության միջոցով՝ միաժամանակ նշելով, որ հայկական կողմի հետ իրենց սերտ կապերը, որոնք առկա են ամենատարբեր մակարդակներում, թույլ կտան պարզաբանել այդ հարցերը:
 
Ի՞նչ է ասել Լավրովը: Լավրովը, լրացնելով Պեսկովի հայտարարության տողատակը, ասում է, որ եթե Նիկոլը հարցեր ունի՝ ուղղված ռուսներին, ապա դրանք պետք է նախ հստակորեն ձևակերպի, ապա բարձրաձայնի ոչ թե ՀՀ կառավարության նիստերի դահլիճից, այլ՝ ռուսների հետ առանձին սենյակում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ: Այսինքն՝ Հայաստանը նախ պետք է ինքն իր համար պարզի՝ ինչ է ուզում, ինչ առաջարկներ ունի ու հետո միայն հայտարարություններ անի՝ տեղիք տալով հակառուսական հիստերիայի:
 
Հիշեցննք, որ Նիկոլը չէր բացառել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու: Մասնագետների առնվազը մի մասը այս հայտարարության մեջ տեսել էր ծածուկ հարված՝ ռուսների միանձնյա խաղաղապահ առաքելության դեմ՝ ունեցած պարտականությունների կատարման մեջ արձանագրվող թերացման հիմքով:
 
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները հուշում են, որ Նիկոլի հայտարարությունները Մոսկվայում առավելապես առաջացրել են հարցեր, և, անկասկած, Մոսկվան տարբեր խողովակներով կփորձի պարզաբանումներ ստանալ Երևանից այս ամենի վերաբերյալ, իսկ գլխավոր հարցը մնում է այն, թե որքանո՞վ է Նիկոլն ի վիճակի առավելագույն անկեղծությամբ երկխոսության մեջ մտնել ՌԴ-ի հետ՝ հրաժարվելով տակից խաղեր տալու մտքից, ինչի մասին, ի դեմ, վերջերս ակնարկել էր ռուս բարձրաստիճան դիվանագետներից մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել