Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմից կորուստներ չկան։
Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը` ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք`օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։