Ավարտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան, որը հանգեցրել է Վաշինգտոնի և Պեկինի միջև բաց հակամարտության: Փելոսիի ինքնաթիռը պատրաստվում է հեռանալ մայրաքաղաք Թայպեյից, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեյի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։

Նախօրեին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն Փելոսիի Թայվան այցի դեպքում։

«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը... և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», - ընդգծել էր նա ճեպազրույցում։

Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

Չինաստանը Թայվանն իր նահանգն է համարում և դեմ է նրա ներկայացուցիչների և այն երկրների իշխանությունների միջև ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։

Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայպեյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել