Ռուսական, ինչպես նաև մի շարք այլ երկրների առցանց տիրույթում բավական մեծ աղմուկ է բարձրացրել այն փաստարկված տեղեկությունը, ըստ որի՝ Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում ձևականորեն չեզոք դիրք գրավելով, իրականում ավիառումբեր է մատակարարել՝ Ուկրաինա այն էլ մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, փետրվարին Մոսկվան ու Բաքուն ռազմավարական դաշնակցության կամ դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր էին ստորագրել: Մասնավորապես՝ խոսվում է ադրբեջանական CIHAZ արդյունաբերական ասոցիացիայի կողմից ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը արված մատակարարումների մասին:

Այս տեղեկությունը չափազանց ուշագրավ է ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների իրական որակի, այլև Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցի տեսանկյունից՝ նկատի ունենալով Մոսկվայի դերը՝ ՀՀ-ի անվտանգության երաշխավորման հարցում և այն ճշմարտությունը, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը հաճախ ազդում է նաև մեզ վրա՝ ամենազանազան դրսևորումներով:

Իրականում արտահոսած տեղեկությունը խայտառակում է Եվրոպային էներգակիրներով ապահովել խոստացած Բաքվի երկերեսանիությունն ու հաստատում այն ճշմարտությունը, որ թուրքին անհնար է վստահել: Իհարկե, միաժամանակ հարցը, թե ինչպես կարող է արձագանքել սրան պաշտոնական Մոսկվան, դեռևս բաց է մնում, և բացարձակապես չկան երաշխիքներ, որ Կրեմլում տեղի ունեցածը կստանա իր պատշաճ արձագանքը՝ նկատի ունենալով ինչպես մի շարք ներռուսաստանյան իրողություններ, այնպես էլ՝ միջազգային հարաբերություններում ներկայումս առկա որոշ ռեալներ: Հարց է, թե սկզբուքնորեն Մոսկվան ի՞նչ կարող է հակադրել կամ ինչպե՞ս կարող է արդյունավետորեն հակազդել Բաքվին, եթե Մոսկվայի կողմից ադրբեջանական տարածք ճանաչվող Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ՝ այդպես էլ կարոտ մնալով որևիցե կարգավիճակի:

Մեծ է հավանականությունը, որ որոշակի պահից սկսած Մոսկվան կարող է չգնալ ուղիղ առճակատման Բաքվի հետ, այլ գործել միջնորդավորված կերպով այն դեպքում, եթե Բաքուն շարունակի տակից վարել հակառուսական քաղաքականություն, սադրել սահմաններին, գրեթե ամենօրյա ռեժիմով խոսել Հայաստանի հետ բախման անխուսափելիության մասին այլն: Բաքուն, իհարկե, կարող էր փորձել համոզել կամ ուղղակի դիվանագիական առևտրի մեջ մտնել Մոսկվայի հետ, բայց կա մի կարմիր գիծ, որն անցնել Բաքվին թույլ չի տրվի:

Նման իրավիճակում Ռուսաստանի համար կարևոր է երրորդ կողմի միջոցով Ադրբեջանին կոնկրետ մեսիջներ ուղարկելու ընդունակությունը, և այդ երրորդ կողմի դերում կարող է հանդես գալ ասենք Մոսկվայի հետ հարաբերություններ խորացնող Իրանը, որը չի թաքցնում Ադրբեջանի նկատմամբ իր իրական վերաբերմունքը, ինչի մասին, ի դեպ, խոսել է մի շարք սկանդալային հայտարարություններ արած իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը: Վերջինս, օրինակ, հայտարարել է, որ Թուրքիայի հետ հույսեր կապել պետք չէ, խոսել Նախիջևանը Իրանին վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ որպես դրա հիմնավորում բերելով այն, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են փակել Իրանի սահմանը: «Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, իրականությունը սա է, մինչև Ադրբեջանը չվերադարձվի Իրանին, միշտ մեզ համար կմնա որպես քաղցկեղային ուռուցք»,-մասնավորապես՝ հայտարարել է իրանցի դիվանագետը՝ առանց ավելորդ սեթևեթանքների:

Ինչպես կարելի է արձանգարել, Ադրբեջանում էյֆորիայի անհետացմանը զուգահեռ առաջ են գալիս լրջագույն խնդիրներ, ինչն առաջին հեթին պայմանավորված է Բաքվի ռեժիմի խամաճիկային բնույթով: Իրանն ուղիղ է սպառնում Բաքվին, եթե վերջինս տարվի օտարածին հովերով ու ջուր լցնի Իրանի թշնամիների ջրաղացին. «Զանգեզուրի միջանցք» կոչվող տխմարությունը Իրանը դիտարկում է որպես ոտնձգություն՝ իր տարածքային ամբողջականության դեմ: Այսպիսով՝ Ադրբեջանը հայտնվում է ակցանի մեջ. մի կողմից՝ Իրանն է, մյուս կողմից՝ հիասթափվող Մոսկվան, որն իր վրեժը Բաքվից կարող է լուծել ազերիներին իրանցիների ձեռքը տալով: Ճիշտ է՝ այս պարագայում էլ առաջ է գալու թուրքական հակազդեցության հարցը, բայց ակնհայտ է, որ Էրդողանի համար ինքնասպանություն կլինի ռուս-իրանական տանդեմի հետ հակամարտության մեջ մտնելը, եթե, իհարկե, բանը չհասնի նաև արտատարածաշրջանային ուժերի մասնակցությամբ մեծ ու անկանխատեսելի պատերազմի, որը կվերագծի կովկասյան երկրների սահմանները և գուցե ոչ միայն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել