Փորձագետները վստահ են, որ եթե Ամերիկան հրթիռային հարվածներ հասցնի Սիրիային, ապա դա որպես հետևանք կարող է ունենալ շղթայական ռեակցիա, որը կնպաստի ինչպես Սիրիային դաշնակից Իրանի ու Հզբոլլա շարժման անմիջական ներգրավմանը պատերազմին, այնպես էլ ամերիկյան և ամերիկացիների թիրախների վրա կազմակերպվող գրոհներին:

Հնարավոր է, որ Սիրիան պարզապես դադարի օգտագործել քիմիական զենք, և ոչ մի այլ հետևանք չունենա այս ամենը: Օբամայի վարչակազմը անընդհատ փորձում է հաշվարկել ալիքաձև էֆեկտի ուժը, բայց դա բավականին դժվար բան է, իսկ արդյունքները՝ ոչ հստակ:

Ահա 5 հավանական հետևանքներ, որոնց կարող է բախվել ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին:

1. Սիրիան ամեն գնով կփորձի պատասխան հարվածներ հասցնել

Սիրիան արդեն իսկ մի քանի անգամ մերկապարանոց սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ-ի ու ԱՄՆ-ի դաշնակիցների վերաբերյալ (հատկապես Իսրայելի), որ Սիրիան պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել, եթե ԱՄՆ-ն ներքաշվի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մեջ:

«Եթե Դամասկոսին հարվածներ հասցվեն, ապա թիրախ կդառնա նաև Թել Ավիվը, իսկ լայնամասշտաբ պատերազմն ընդդեմ Սիրիայի փաստացի արտոնագիր կլինի՝ Իսրայելին հարվածներ հասցնելու համար», - մեջբերել է սիրիական բարձրաստիճան զինվորականի խոսքերը իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: «Եթե Սիրիայի վրա հարձակում տեղ գտնի, ապա Իսրայելը ևս կայրվի, և ցանկացած նման գործողությունը կներքաշի Սիրիայի հարևան երկրներին», - ասել է աղբյուրը:

Սակայն ամերիկյան փորձագետները պնդում են, որ քիչ հավանական է, որ Ասադի բանակն ունի բավարար միջոցներ ու հնարավորություն՝ լայնամասշտաբ հրթիռային հարված հասցնելու՝ հաշվի առնելով, թե ինչքան զբաղված է սիրիական բանակը ապստամբների հետ պատերազմելով: Ցանկացած հակահարված սիրիական կողմից կլինի փոքրամասշտաբ և կկրի զուտ սիմվոլիկ բնույթ՝ միտված ավելի շատ դիվիդենտներ քաղելուն տեղեկատվական պատերազմում, քան էական վնաս պատճառելուն ԱՄՆ-ին և ԱՄՆ-ի դաշնակիցներին: 

2. Իրանը թիրախի կվերածի Իսրայելը

Իրանի առաջնորդները ևս աչքի են ընկել վերջին օրերի իրենց հռետորիկայով, որով նախազգուշացնում են ԱՄՆ-ին, որպեսզի հանկարծ չխառնվի սիրիական կոնֆլիկտին: Հակառակ դեպքում Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ցանկացած ռազմական ոտնձգության՝ Սիրիայի դեմ: Իրանյան «Ֆարս» գործակալությունը ցիտել է իրանցի պաշտոնյաներից մեկին, ով հայտարարել է, որ «Իսրայելը հողին կհավասարեցվի»:

Սակայն եթե Իրանը հարվածի Իսրայելին, ապա քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն օգնի Իսրայելին, այն պարզ պատճառով, որովհետև, ըստ փորձագետների, անգամ նման զարգացումների դեպքում Իրանի գործողությունները կլինեն ավելի շատ խորհրդանշական՝ Ալ Քաիդայի տարրերի ներգրավման միջոցով, կամ ինչ-որ երրորդ կողմի ներգրավելով ու աջակցելով, իսկ այդ դեպքում Իսրայելն ինքնուրույն էլ ի վիճակի կլինել դիմակայելու հարձակումներին: 

Բացի դրանից` անգամ եթե Իրանը հարվածներ չհասցնի ոչ Իսրայելին, ոչ Հորդանանին, այն միևնույն է, ի զորու է օգնել և կօգնի Ասադին՝ ռազմական ու մարդկային ռեսուրսներով: Մասնավորապես, Իրանն ու Ռուսաստանը էլ ավելի ձեռնամուխ կլինեն Իրաքից, Լիբանանից և այլ երկրներից կամավորներով ապահովել Ասադի ռեժիմին:

3. Ծայրահեղական խմբավորումները կարող են հակահարված հասցնել

Իսլամիստական էքստրեմիստական խմբավորումները, ինչպիսին օրինակ Հզբոլլան է, նույնպես կարող են ներգրավվել ամերիկյան ու ամերիկացիների դաշնակիցների թիրախներին հարվածներ հասցնելու գործին: Նման արձագանքը մեծապես կախված է նրանից, թե ինչ ուժգնության կլինի ամերիկյան հարվածը: Ամեն դեպքում, Հզբոլլայի գլխավոր հովանավոր Իրանն արդեն բավականին ներգրավված է սիրիական կոնֆլիկտի մեջ, իսկ երրորդ երկրների ներգրավման դեպքում կարող է պահանջել, որպեսզի Հզբոլլան ավելի վճռական գործողությունների դիմի ու ավելի լայնորեն ներգրավվի կոնֆլիկտին:

4. ԱՄՆ-ին կմեղադրեն ռազմական հանցագործությունների մեջ

ԱՄՆ-ն արդեն իսկ կեղծել է որոշ տեղեկություններ՝ տեղի ունեցած քիմիական հարձակման վերաբերյալ, և այժմ Օբամայի վարչախումբը փորձում է օգտագործելով դրանք մեղադրել Ասադին՝ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ առաջ քաշված մեղադրանքները հիմնավորելով:

Որպես հետևանք, Սիրիան ինքը կարող է որդեգրել նման ռազմավարություն ու հարվածից հետո սկսի մեղադրանքներ ներկայացնել ԱՄՆ-ին՝ տարբեր ռազմական հանցագործությունների մեջ և ի ապացույց կբերի տարբեր հավաստի և կեղծված փաստեր: Չի բացառվում, որ նման հարց կբարձրացվի անգամ ՄԱԿ-ի մակարդակով:

5. Ոչ մի հետևանք, ԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել քիմիական զենքի գործածությանը

ԱՄՆ-ի հնարավոր հարվածից բխող հետևանքներից ամենահավանականը ամերիկյան փորձագետները համարում են հաջողությունը: Պետք է հասկանալ, որ նախագահ Օբաման հետաքրքրված է, որպեսզի այս հարվածը մնա հարված, այլ ոչ թե վերածվի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի: Իր հերթին, Ասադն ինքը չի ուզենա, որպեսզի ԱՄՆ-ն իր ողջ ուժերը նետի Սիրիայի վրա, ուստի մեծ հավանականությամբ քիմիական զենքի հետագա կիրառությունը կբացառվի: Այսպիսով, երկու նախագահներն էլ կհասնեն նպատակին՝ Ասադը կպահպանի իր դիրքը, իսկ Օբաման ցույց կտա, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժելու զանգվածային խոցման զենք օգտագործող ցանկացած երկրի, իսկ դա հստակ մեսիջ կլինի նաև Հյուսիսային Կորեային ու Իրանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել