Կալանավորված Միքայել Բադալյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ժիրայր Ղարագյոզյանը․«Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է (ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ), այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում` բժիշկների հետ զրուցելուց հետո, կներկայացնենք մանրամասները»։
Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին՝ տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Պաշտպանական խումբը պնդում է, որ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո Բադալյանը պետք է ազատ արձակվի, Միքայել Բադալյանի կողմից կատարված ենթադրյալ արարքը պետք է համապատասխանեցվի 2022 թվականի հուլիսի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին։
Ըստ փաստաբանների՝ Քննչական մարմինն այդքանը հասկանալով 08․07․2022 թվականին միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին 01․07․2022 թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 23-րդ մասի 2-րդ կետով Միքայել Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 08․07․2022թ․ Դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը պատճառաբանելով, որ գործող քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը վատթարացնում է Միքայել Բադալյանի վիճակը։ Դրանից հետո՝ քննիչը քրեական վարույթը կարճելու փոխարեն պահպանել է Միքայել Բադալյանին ուժը կորցրած օրենքով առաջադրված մեղադրանքը և միջնորդություն է ներկայացրել դատարան վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը ևս մեկ ամսով երկարացնելու մասին։



