1in.am-ը գրում է.
Վերջին իրադարձությունները վկայում են, որ Սիրիան դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարցերի կիզակետը, և Սիրիային առնչվող քայլերը հիմնականում սիրիական հարցի լուծման միջազգային «Ժնև-2» կոնֆերանսից որոշ ժամանակ առաջ հակակշիռներ ստեղծելու համար են կատարվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
«Շատ ամփոփ նշեմ՝ ընդհանուր իրավիճակն արդեն լարված է: Սիրիայի բնակիչները` և՛ անվտանգության, և՛ տնտեսական առումներով, ավելի սահմանափակված ու ճնշված են: Սիրիայի վրա դրված էմբարգոն տնտեսական առումով ժողովրդին ծանր վիճակի է հասցրել: Սիրիայի բնակիչների գոյատևման համար անհրաժեշտ տարրական միջոցներն աստիճանաբար սպառվում են, ստեղծվում է մի վիճակ, երբ ժողովուրդն այլևս ստիպված է սննդի ապահովման այլ միջոցների դիմել, սակայն նման միջոցներ չկան»,- ասաց Սելիմյանը:
Նրա խոսքով` շատերի համար, սակայն, առաջնահերթ և մտահոգիչ հարցը անվտանգության բացակայությունն է. շատերն այսօր իրենց վտանգված են զգում: Սելիմյանը լավատես է, նա հուսով է, որ ստեղծված իրավիճակը երկար չի տևի` մինչև «Ժնև 2»-ի գումարումը, մինչև ճշտվեն Սիրիայի մասին տեսակետները:
«Այդտեղ է, որ հավանաբար (ես լավատես եմ) պիտի կողմնորոշվեն հզոր երկրները, Սիրիան ավելի շահավետ պայմաններ պիտի ունենա, ընդդիմադիր ճակատն աստիճանաբար պիտի իր թշնամական մոտեցումները մեղմացնի, և քաղաքական բանակցություններ լինեն: Համոզված եմ` Սիրիայի ապագա վիճակը պետք է գտնել և տեսնել երկխոսության մեջ»,- ասաց նա:
Սելիմյանի խոսքով՝ եթե ընդդիմադիր ճակատի կողմից լիազորված կամ գործուղված զինյալ խմբավորումները քաղաքի սահմանները չանցնեն, քաղաքի բնակիչներն իրենց ավելի անվտանգ կզգան: Նշված խմբավորումների կողմից բնակելի թաղամասերի, բնակիչների ուղղությամբ ինքնաշեն հրթիռներ են նետվում` խախտելու համար նշված պայմաններում գոնե ինչ-որ չափով բնականոն կյանքով ապրող բնակիչների անդորրը:
«Քաղաքի բնակիչների մի մասն ինչ-որ սահմանափակ տարածքում անվտանգության, ապահովության զգացում ունի, ապրում է բնականոն կյանքով` դպրոց, աշխատանք, շուկա և այլն: Հենց այդ միջավայրը և մթնոլորտը խաթարելու համար են այդ հրթիռները, որպեսզի ժողովուրդը վախի մեջ ապրի և լքի երկիրն ու հեռանա»,- ասաց նա:
Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ նշել է, թե համայնքը, չնայած վտանգներին, շարունակում է իր առօրյան։
Հալեպում տպագրվող Գանձասար ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը ռադիոկայանին փոխանցել է, թե համայնքը խուճապի չի մատնվել: Նա ասել է, որ եթե նույնիսկ սիրիահայերը ցանկություն ունենային այս օրերին լքել երկիրը, ապա, միևնույն է, դա հնարավոր չէր լինի․ արտաքին աշխարհին Հալեպը կապող բոլոր ճանապարհները վտանգված են, օդանավակայանը դեռ նախորդ տարվա վերջից չի գործում, իսկ ցամաքային ճանապարհները կամ հսկվում են ընդդիմադիրների կողմից, կամ էլ պատերազմական գործողությունների կիզակետում են։
«Հայկական համայնքը մտահոգ է: Հայ համայնքի ղեկավարները կոչ են անում զգույշ լինել, շատ դուրս չգալ այս օրերին», - պատմել է Պողիկյանը:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով` Արևմուտքը Սիրիայի դեմ կայծակնային հարված է պատրաստում, որի մեկնարկից հետո՝ 48 ժամվա ընթացքում, Սիրիայի վրա 100-ից ավելի հրթիռներ կնետվեն: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 2011-ի մարտից ընթացող հակամարտությունը 100 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր: