Azatutyun.am-ը գրում է.
Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն` ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե ներդրողի կողմից, թե վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրել է նախարարը։
Ըստ նրա` եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև.
«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն:
Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի», - ասաց նա: