Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին ՀՀ-ում ճանաչել են՝ անցանկալի անձ՝ արգելելով նրան «Զվարթնոց» օդակայանից մուտք գործել երկիր:

Թուքիայում մեծապես ատելի դաշնակցական ընտանիքի հայ զավակի հետ կապված միջադեպի առնչությամբ վրդովմունք է արտահայտել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն՝ նկատելով, որ կատարվածը ոչ միայն չի տեղավորվում ազգային արժեքների ու հասկացությունների շրջանակներում, այլև՝ ժողովրդավարության, և սա՝ այն դեպքում, երբ ՔՊ-ն ամեն գնով փորձում է կերտել ժողովրդավարական իմիջ ու դրանով ներկայանալ աշխարհին:

Ինքը՝ Հայ դատի համար 40 տարի պայքարած Մուրադ (Ֆրանկ) Փափազյանը, անդրադառնալով իր հետ կատարվածին, ցավով նշել է, որ Նիկոլի հրամանով է, որ ինքը սեփական հայրենիքում դարձել է անցանկալի անձ՝ վերջում համոզմունք հայտնելով. «Ուշ կամ կանուխ, Հայաստանի ժողովուրդը պիտի համոզուի, որ պէտք է ձերբազատիլ այս ղեկավարէն, որ ամէն ճիգ կ‘ընէ թուլացնելու Հայաստանը: Սփիւռքը նոյնպէս կը հասկնայ: Բայց արդէն ժամանակն է ըսելու. կանգ ա՛ռ»։

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Նիկոլը բացահայտ ոտնձգություն է կատարել ոչ միայն կոնկրետ սփյուռքահայի դեմ, այլև՝ ամբողջական սփյուռքի թերևս՝ քայլ, որ ամբողջությամբ տեղավորվում է 4 տարի շարունակ ՔՊ-ի կողմից տարվող քաղաքական գծի շրջանակներում՝ թուլացնելու, պառակտելու հայությանը, սփյուռքը գաղափարազարկելու, Հայ դատի ու Ցեղասպանության թեման տաբու դարձնելու:

Միաժամանակ չափազանց ուշագրավ է այն, որ հայության իրավունքների ու շահերի համար տասնամյակներ ի վեր պայքարած հայ մարդու դեմ նման լկտի վերաբերմունք է դրսևորվել փաստացի Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին զուգահեռ: Էրդողա՞նն է Նիկոլին պարտադրել՝ նման հայատյաց վարքագիծ դրսևորել՝ նկատի ունենալով, թե Թուրքիայում ինչպիսի թշնամանք կա հայ դատի ու ՀՅԴ-ի նկատմամբ, թե՞ սա Փաշինյանի անձնական մտահղացման արդյունք է՝ դուր գալու իր թուրք կուրատորին:

Կատարվածը ևս մեկ ավելորդ անգամ փաստում է այն ճշմարտությունը, որ Հայաստանում հաստատված ռեժիմը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի ու նրա շահերի հետ և սպասարկում է Էրդողան-Ալիև մարդասպան զույգի քմահաճույքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել