«Իրավունք» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին: Բայց եթե իշխանություններն այդ մասին գիտեն, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, երբեմնի գեներալ Գագիկ Մելքոնյանից, ով նախ մանրամասնեց.
— Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչեւ պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս սխալ պլան է մշակվել: Այսինքն, թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25–35 կիլոմետրի վրա, եւ այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է: Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք:
Իսկ թե երբ ե՛ւ Օնիկ Գասպարյանը, ե՛ւ մյուս մեղավորները պատասխան կտան դատարանի առաջ, ապա ասեմ, որ այդ օրը շատ–շատ մոտ է: Այս պահին ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլոր ուղարկված փաստաթղթերը, որոնք դեռ շատ մեծ բացահայտումներ են ջրի երես հանելու: Երբ ԱԺ քննիչ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այդ ժամանակ բոլորը, ըստ արժանվույն, պատասխան են տալու։
— Իսկ ի՞նչ ընթացքի մեջ են առհասարակ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները:
— Առաջին` ուսումնասիրությունների փուլը արդեն ավարտին է մոտենում, սեպտեմբերից արդեն կհրավիրվեն կոնկրետ մարդիկ հարցաքննվելու:
— Իսկ եթե կոնկրետ մարդիկ հրաժարվե՞ն ներկայանալ:
— Համապատասխան օրենք է ընդունվելու, որ եթե չգան, իրենք պատասխանատվության են ենթարկվելու:
— Պարոն Մելքոնյան, անդրադառնանք նաեւ սահմանային լարվածությանը, որը այլեւս պարբերական բնույթ է կրում: Ու սա այն դեպքում, երբ մենք գնում ենք դեպի «խաղաղության դարաշրջան»:
— Երեսուն տարի մենք գտնվում ենք լարվածության մեջ. ինչքան գոյություն ունի Ադրբեջանը, մենք գտնվելու ենք լարվածության մեջ, սահմաններին կրակոցներ են լինելու, միջադեպեր են լինելու: Դրա համար մեր զինվորները պետք է հնարավորինս զգույշ լինեն: Մենք երբեք չենք հավատում Ադրբեջանի անկեղծությանը, որովհետեւ իրենք անկեղծ չեն, իրենք միշտ խաբել ու խաբելու են: Իրենք կրակում են, բայց աշխարհին ցույց են տալիս, որ կրակողները մենք ենք: Դրա համար մենք պետք է ուշադիր, դանդաղ տեմպերով կարողանանք հասնել խաղաղության ու էդ ընթացքում զոհեր չտանք:
Հ.Գ.— Իհարկե, այս ամենից հետո չէ՞ որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ է նշանակել Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Գասպարյանն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին, ակնհայտ էր դեռ նրա նշանակման պահին: Եվ նման կադրին նշանակելու, առհասարակ՝ բանակում խայտառակորեն վատ կադրային քաղաքականության համար Փաշինյանը պատասխան չի՞ տալու: Ի վերջո, Գագիկ Մելքոնյանը պնդում է, որ հենց այդ կադրերի սխալ պլանավորման արդյունքում է, որ պատերազմը տանուլ ենք տվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։