Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ իրականացված մահափորձից հետո, հայտնում է NHK-ն։

Քաղաքական գործիչը մահացել է Նարա քաղաքի բժշկական համալսարանական հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։

Հիշեցնենք, որ մահափորձը կատարվել է Ճապոնիայի Նարա քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։

Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել