Արդեն մի տևական ժամանակ կլինի, ինչ հայկական ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով ստիպված է լինում հերքել թշնամական ԶՈւ կողմից տարածվող հայտարարություններն այն մասին, թե իբր հայկական կողմը սահմանային այս կամ այն հատվածում խախտել է զինադադարն ու վնաս հասցրել ադրբեջանական այս կամ այն դիրքին, ադրբեջանցի զինվոր սպանել և այլն: Այսօր էլ կրկին նույն պատմությունն է կրկնվել. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Երկու-երեք օր առաջ Հասանովը կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ կոչ է արել իր ենթականերին պատրաստ լինել՝ ցանկացած պահի կանխելու «հայկական ռևանշիստական ուժերի» հնարավոր սադրանքները:

Սրանից առաջ էլ նույն Հասանովը հայտարարել էր, թե Ալիևը հանձնարարել է մեծացնել բանակի թվաքանակը, նոր մակարդակի բարձրացնել ԶՈւ-ն, որն իրենից կներկայացնի Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը, ինչպես նաև ապահովել նորագույն սպառազինությամբ և ռազմատեխնիկայով:

Մինչ ՔՊ-ականների դավադիր թիմը շարունակում է առաջ տանել «խաղաղության դարաշրջանի» մասին լոլոները՝ ձեռքի հետ էլ հրաժարվելով հնարավոր պատերազմի համար որևիցե պատասխանատվությունից դեռ էս գլխից, Հասանովը բանակը պատրաստում է լրջագույն պատերազմի՝ առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում առաջ մղելու թուրքական ծրագրերը, իսկ այն, որ խիստ հաճախակիացել են «հայկական սադրանքների» մասին թշնամու կեղծ տեղեկություններն ու դրանց հիմքով արվում են նման հայտարարություններ նման մակարդակով, ակնհայտ է դարձնում տոտալ պատերազմի իրական վտանգը հենց այս փուլում. ազիկները կարծես մտադիր չեն սպասել մինչև 2025 թվականը:

Ի՞նչ է անում Պապիկյանը: Պապիկյանը հիմնականում զբաղված է սեփական թիմի քաղաքական հարցերով, այստեղ-այնտեղ քարոզներ անելով կամ քարոզները համակարգելով՝ այդ ընթացքում չմոռանալով ստեղծել տպավորություն, թե իբր ինչ-որ բան է արվում, խիստ հանձնարարականներ են տրվում կամ չգիտես՝ ինչ:Իսկ անդոններն էլ թիրախավորված կերպով ընդդիմադիր ակտիվիստներին են չեզոքացնում՝ եռամսյա հավաքների կոնտեքստում: Փաստն այն է, որ պատերազմը չոքում է Հայաստանի դռանը, իսկ ԶՈւ-ն նույնիսկ ԳՇ պետ չունի, ավելին՝ պատրաստվում են այդ պաշտոնն, ըստ էության, առհասարակ լուծարել:

Թե կոնկրետ երբ կհարձակվի Արդբեջանը, կարելի է միայն կռահել: Ասում են՝ հենց աշնանը՝ կրնկնելու 2 տարի առաջվա հաջողությունը, բայց այս անգամ արդեն ՀՀ տարածքում: Եթե Բաքուն գնա նման արկածախնդրության, ապա կասկած չկա, որ կհասնի իր ուզածին՝ նկատի ունենալով ՀՀ բանակի՝պատերազմից հետո այդպես էլ չհամալրված ու սպառված ռեսուրսների գործոնը, իսկ նման իրավիճակում ՀՀ-ին մնալու է ապավինել միայն դաշնակիցներին:

Հուսանք՝ Նիկոլին մեկնումեկը կտա ՀԱՊԿ-ին դիմում գրելու ձևն ու վերջապես կհուշի ճիշտ հոդվածի համարը, որ բանը բանից չանցնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել