Hetq.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։

Հիմնական բացահայտումները՝

  • 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։
  • Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։
  • ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։
  • ԲԿ-ն վնասով է աշխատել։
  • 2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։

 

66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2020 թ.-ի մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել։ Մոտ 2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, արդեն պայմանագիր է կնքել մրցույթի հաղթող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊ ընկերությունը 66 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է բժշկական կենտրոնին մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության վիրահատական համակարգ, որը նախատեսված է ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Ըստ պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Այս մրցույթի հապճեպ անցկացումը երևում է մրցույթի փաթեթի փաստաթղթերից։ Ապրիլի 6-ին միակ մասնակից «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, ապրիլի 7-ին ՍՊԸ-ին առաջարկվել է պայմանագիր կնքել, ապրիլի 8-ին ՍՊԸ-ն կնքված պայմանագիրը մուտք է արել «Նորք-Մարաշ» ԲԿ, նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։

«Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն վերը նշված գործարքից առաջ ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ 66 մլն դրամ արժողությամբ պայմանագրի կնքումից հետո՝ 2021 թ.-ին, Յանա Բազիկյանը դուրս է եկել ընկերությունից՝ 100 % բաժնեմասը փոխանցելով ընկերության տնօրեն Աննա Բալայանին։

«Նորք Մարաշ» ԲԿ-ն, ձեռք բերելով 66 միլիոն դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 162 հազար ԱՄՆ դոլար արժեցող սարքը, մինչ օրս որևէ վիրահատություն չի իրականացրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե իբր նախատեսվել էր թանկարժեք այդ սարքը շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների միջամտությամբ, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։

«Սակայն Covid 19-ով պայմանավորված՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում, այնուհետև պանդեմիային հաջորդած պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են իրենց այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»,- փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այս պարզաբանումը կարելի էր տրամաբանական համարել, եթե չտեսնեինք մրցույթի անցկացման ժամանակագրությունը։ Սարքավորումը ձեռք բերելու մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ.-ի մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն տարածվել էր կորոնավիրուսային համավարակը և կար հաստատված 136 դեպք։ Այսինքն` մրցույթը հայտարարելիս արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են իրենց սահմանները, կարանտին հայտարարել և հայտնի էլ չէ, թե երբ է հնարավոր վերադառնալ նախկին կյանքին՝ առանց տեղաշարժի սահմանափակումների։ «Նորք Մարաշ» ԲԿ-ն արդեն 2 տարի «քնեցրել է» անգործության է մատնել թանկարժեք սարքը՝ գնում կատարելով մի ընկերությունից, որի բաժնետերը այդ գործարքին նախորդող ժամանակահատվածում փոփոխվել է, իսկ գործարքն իրականացնելուց հետո՝ դուրս եկել ընկերությունից։ 

30 միլիոն դրամի բռնագանձումը չի կատարվել

Պետական վերահսկողական ծառայությունը 2020 թ.-ին ուսումնասիրել է «Նորք Մարաշ» ԲԿ-ի գնումներից մեկը և առկա խախտումների մասին գրավոր տեղեկացրել Երևանի քաղաքապետին (այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր)։

Ուսումնասիրության համաձայն, ԲԿ-ի կարիքների համար հայտարարված մրցույթներից մեկում հաղթող ճանաչված «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ի մարտի 13-ին 27 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել։ ՍՊԸ-ն պետք է բժշկական կենտրոնին մատակարարեր «Medtronic» և «Abbott» ընկերությունների արտադրած դեղապատ ստենտներ։ Պայմանագրի հավելվածի համաձայն, մատակարարը պատվիրատուին պետք է ներկայացներ ստենտներն արտադրող ընկերության տրամադրած երաշխիքային նամակը։ Պայմանագրի կնքումից հետո, երբ ԲԿ-ն ունեցել է համապատասխան ֆինանսական միջոցներ, ընկերության հետ կնքել է համաձայնագիր։ Դրա հիման վրա «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն մատակարարել է պահանջված ստենտների առաջին խմբաքանակը՝ ԲԿ-ին ներկայացնելով ընդամենը մի փաստաթուղթ ապրանքների ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ։ Մինչդեռ պայմանագրի համաձայն, մատակարարը պարտավոր էր երաշխիքային նամակ ներկայացնել, ոչ թե մատակարարման աղբյուրի մասին փաստաթուղթ։ ԲԿ-ն մատակարարին գրավոր հայտնել է, որ չի կարող ընդունել ապրանքները։ Նույն պատմությունը մեկ անգամ էլ է կրկնվել, մատակարարը կրկին երաշխիքային նամակի փոխարեն նախկինում ներկայացրած՝ ապրանքի ձեռքբերման աղբյուրի մասին փաստաթուղթ է տրամադրել։ ԲԿ-ն 3 օր ժամանակ է տվել մատակարարին երաշխիքային նամակը ներկայացնելու համար: Այն այդպես էլ չի ներկայացվել։ Դրանից հետո մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն 2020 թ.-ի հունիսի 26-ին դիմել է բժշկական կենտրոնին և խնդրել լուծել պայմանագիրը՝ մատակարարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության հիմքով։ ՍՊԸ-ն անհաղթահարելի խոչընդոտները բացատրել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված լոգիստիկ խնդիրներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել