Aravot.am-ը գրում է.

Հունիսի 19-ին Ապարանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների վեճին հաջորդած կրակոցների արդյունքում մահացած 28 ամյա Տիգրան Հարությունյանը Գնթունիքի մենեջերն էր, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հորեղբոր թոռը:

ՀՀ ոստիկանապետի որոշմամբ՝ այսօր Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատված Աշոտ Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Տիգրան Հարությունյանից բացի՝ վեճի մասնակիցների մեջ պաշտոնատար անձի հարազատ չի եղել։

«Չեմ ազատվել աշխատանքից, անցել եմ կադրերի ռեզերվ: Նիգավանում տեղի ունեցած միջադեպը ընդհանրապես կապ չունի իմ՝ աշխատանքից ազատվելու հետ: Ես եմ ցանկացել անցնել կադրերի ռեզերվ, որովհետեւ առողջական խնդիր ունեմ: Դա կբուժեմ, նորից կվերադառնամ»,- ասաց նախկին ոստիկանապետը:

Նա ասաց, որ Նիգավանում տեղի ունեցած զինված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է. «Տեղի ունեցածը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ինչ խոսում էին՝ իրականությանը չի համապատասխանում: Սուտ լուրեր է, որ տարածեցին: Երիտասարդներ են, որ իրար չեն հասկացել, միջադեպը եղել է: Չի կարելի ամեն մի միջադեպ քաղաքականացնել ու սարքել մատի փաթաթան… Վեճի մասնակիցների մեջ կան, որ ընկերներ են, կան, որ իրար չեն ճանաչել: Նրանց միջեւ այնպիսի խոսակցություն է եղել, որ ընդհանրապես պետք չէր, որ այդ մակարդակի հասներ: Չհասկանալով՝ եղել է: Ոչ մի բան չի եղել մեջները, ընդամենը խոսակցության մեջ, մեքենայից սիգնալ են տվել, իրար չեն հասկացել, նման բան է եղել»:

Նա հերքեց, որ վարչապետի հասցեին դեպքի մասնակիցների կողմից հայհոյանք է եղել. «Չի եղել նման բան, ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը դրա հետ: Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, իր աշխատանքն է անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել