168.am-ը գրում է.

Վրաստանում հետազոտությունից հետո հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդանալու առաջին դեպքը։ Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից։ Վարակը հայտնաբերվել է, երբ այդ անձը վերադարձել է Եվրոպայից։

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ մայիսի 18-ից ի վեր կապիկի ծաղիկի մոտ 900 դեպք է գրանցվել Նորվեգիայում, Իսլանդիայում և ԵՄ 19 երկրներում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մալթա):

Մինչ այս Կապիկի ծաղիկը հանդիպել էր միայն բնօրրանում, իսկ Աֆրիկայից դուրս գրանցված փոքրաթիվ դեպքերը կապված են եղել Աֆրիկա այցելած զբոսաշրջիկների կամ այնտեղից ներկրված կենդանիների հետ: Այս բռնկումը, սակայն, տարբերվում է նախորդներից․ առաջին անգամ է, որ Աֆրիկայից դուրս գրանցված Կապիկի ծաղիկով հիվանդները կապ չեն ունեցել Աֆրիկայի հետ: Հիվանդներից միայն մեկն է, որ ճամփորդել է Աֆրիկա, մյուսների դեպքում ո՛չ Կենտրոնական, ո՛չ արևմտյան Աֆրիկայի հետ առնչություն չի եղել։ Շատ դեպքերում դեռ պարզ չէ, թե ինչպես են մարդիկ վարակվել:

Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով ու մկանացավով, լիմֆատիկ հանգույցների այտուցով, ապա բշտիկներ են առաջանում դեմքի, ձեռքերի, հետո նաև՝ ամբողջ մարմնի վրա: Մինչ այդ գաղտնի շրջան է, որ կարող է տևել 5-21 օր (ավելի հաճախ՝ 6-13 օր):

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ հիվանդությունը միշտ եղել է, սակայն որոշակի տարածքներում է տարածված եղել՝ հիմնականում Աֆրիկայում:

«Անհանգստացնող է այն, որ ոչ բնորոշ երկրներում են դեպքեր արձանագրվում: Սկզբից Միացյալ Թագավորությունում է գրանցվել դեպքը, ապա՝ Եվրոպայում (Իսպանիա, Պորտուգալիա), որտեղ վերջին երկու ամսում եղել է նույնասեռականների երեք խոշոր շքերթ, իսկ հիվանդության հիմնական տարածման ուղին նշվում է անմիջական սերտ կոնտակտը, ու առավելապես տարածված է համասեռամոլ տղամարդկանց շրջանում: Ու հենց այս երկրներից էլ գնացել է հետագա տարածումը»,- մեզ հետ զրույցում ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Համաճարակաբանն ընդգծեց՝ հիվանդությունը հիմնականում սեռական շփման միջոցով է տարածվում:

«Օդակաթիլային եղանակով հիվանդությունը փոխանցելու հավանականությունը շատ քիչ է, որովհետև վերին շնչուղիներում չէ, որպեսզի կաթիլի միջոցով արտազատվի»,- նշեց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է պատվաստանյութի առկայությանը՝ Մերի Տեր-Ստեփանյանն ընդգծեց. «Բնական ծաղիկի դեմ արված պատվաստումը 85 տոկոս արդյունավետություն ունի Կապիկի ծաղիկի դեմ: Սակայն 1980 թվականից հետո պատվաստում պրակտիկորեն չի արվել: Այսինքն, այն մարդիկ, ովքեր ծնվել են մինչև 1980թ., պատվաստվել են, նրանք որոշակի պաշտպանություն ունեն, իսկ մյուսները՝ չունեն: Երկրներ կան, որոնք արդեն սկսել են պատվաստել քաղաքացիներին: ԱՄՆ-ը, օրինակ, արդեն սկսել է բնական ծաղիկի պատվաստանյութով՝ հատկապես ռիսկի խմբերում գտնվողներին, բուժանձնակազմին»:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Կապիկի ծաղկի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է.

  • խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
  • չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
  • կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է՝ ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
  • կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել