Ռաֆայել Քոթանջյան

Tatron.info-ն գրում է.

Որտեղ նա է, չի կարող չլինել բեմը: Ամբողջ կյանքը թատրոնում և թատրոնի հետ: Բեմ, էկրան, թատրոն և ներկայացումներ, սրանք միշտ եղել են Ռաֆայել Քոթանջյանի կյանքի մի մասը: Երեք տասնյակի հասնող կերպարներ թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կինոյում և թատրոնում: Հիշվող ու տպավորիչ կերպարների մի ամբողջ հավաքածու, որը օրըստօրե դերասանը համալրում է իր աշխատանքային զինանոցում: Սիրված դերասանը չնայած արդեն բոլորել է իր 70-ամյակը, բայց մինչ այսօր էլ բեմում և Էկրաններին է:

«Թատրոն.info»-ն փորձեց պարզել մինչ այդմ էլ ասված, բայց միևնույն ժամանակ չմանրամասնված և հետաքրքրաշարժ հարցերի պատասխաններ: Ստորև կներկայացնենք մեր զրույցը ՀՀ ժողովրդական արտիստի հետ.
 

DSCF9308

- Ի՞նչը ստիպեց Ռաֆայել Քոթանջյանին ընտրել դերասանի մասնագիտությունը: 
- Եթե գնայի կյանքի ճիշտ ընթացքով, ես չպետք է դառնայի դերասան, քանի որ հայրս երազում էր, որ դառնայի ճարտարապետ: Մեր տանը կային ճարտարապետության մասին բազում գրքեր, և ես ծանոթ էի թե՛ անտիկ, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, բայց Մայակովսկու անվան դպրոցում, որտեղ ես սովորում էի, արդեն 7-8 դասարանում էի, ճակատագիրն ինձ մեծ նվեր մատուցեց. ես հանդիպեցի իմ ռուսաց լեզվի ուսուցչուհուն` Էլմիրադա Արկադևնա Մարտիրոսյանին, ով թատրոնի մոլի սիրահար էր, բայց ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել թատերական կյանքով, թատրոնով զբաղվել, բայց այնքան էր սիրում թատրոնը, որ կարողացավ մեր մեջ էլ սերմանել այդ սերը: Դպրոցն ավարտելիս անգամ դասարանից 2-3 հոգի փորձեցին թատերական ասպարեզ մտնել, բայց միայն ինձ հաջողվեց այդ իրագործել: Այնպես որ, կանխանշան չկար իմ դերասան դառնալու համար, եթե չլիներ իմ ռուսաց լեզվի ուսուցչուհին:
 

DSCF9274

- Երբեք ինքնանպատակ չհայտնվել բեմում և էկրանին. այս գլխավոր սկզբունքով եք աշխատում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Ի՞նչ է Ձեզ համար բեմը: Բեմում հանգստանու՞մ եք, թե՞` լարվում:
- Երբեք չեմ լարվում բեմում, շատ ազատ եմ զգում և կարող եմ ասել, որ իմ գոյատևման երևի թե ամենակարևոր մասը կյանքում աշխատելն է: Առանց բեմի կյանքս չեմ պատկերացնում: Բեմ ասվածը լայն հասկացություն է, այն ինձ համար նույնն է, ինչ նկարահանման հրապարակը: Շնորհակալ եմ իմ հմուտ դասախոսներից, ովքեր ինձ սովորեցրեցին աշխատել տեսախցիկի հետ, երբ չկար մոնտաժ ասվածը, և այդ ամենը կատարվում էր ուղիղ եթերով, և ես սովորեցի խաղալ չտեսագրված ձևով, այսինքն` խաղում էի, ինչպես թատրոնում: Ես էի, բեմը և գործողությունը: Ուղիղ եթերով աշխատելիս դերասանը չպետք է շփոթվի, քանի որ հեռուստադիտողը նկատում է քո ամեն սխալը, դերասանն այնքան պատրաստ պետք է լինի, որ ապրի այդ ամենը: Թատրոնում գոյություն ունի 4 պատ հասկացությունը, որը բեմի և հանդիսատեսի միջև ընկած պատն է, և ես, իրոք, զգում եմ այդ պատը, քանի որ ես չեմ տեսնում նստած հանդիսատեսին, այլ զգում եմ: Չեմ տեսնում, ոչ թե նրա համար, որ կուրորեն խաղում եմ, այլ ինձ համար կա այդ պատը: Երբ հարցնում են` «Չե՞ք հիշում, ես առաջին շարքում նստած էի», չեմ կարող բացատրել, որ ես զգում եմ նրանց, ոչ թե տեսնում:

IMG 4359

- Երեք տասնյակի հասնող կերպարներ թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կինոյում և թատրոնում: Կա՞ մի կերպար, որն ավելի հոգեհարազատ է Ձեզ և համահունչ է Ձեր խառնվածքին: 
-Չեմ կարող ասել, քանի որ յուրաքանչյուր կերպար ինձ համար յուրահատուկ է: Ես ինքս եմ ընտրում իմ դերերը և կարող է պատահել 2 խոսք ասեմ, դրան հակառակ կարող եմ 2 ժամ անընդհատ բեմում լինեմ, բայց ընտրում եմ այնպիսի կերպարներ, որն ինձ հնարավորություն կտան հանդիսատեսին հասցնել ամենակարևոր գաղափարը. «Յուրաքանչյուր մարդ ստեղծված է հանճարեղ, ի՞նչն է խանգարում նրան ինքն իրեն բացահայտել, լինել լավագույնը, ի՞նչն է ջարդում նրան իր մեջ, որ ինքը փորձում է գնալ դեպի մարդասպանության, գողության, ոճրագործության»: Այդ մեխանիզմը, որը կարողանում եմ կերպարի մեջ բացահայտել, արդեն ինձ համար հետաքրքիր է դառնում: Կյանքում էլ ես այդպիսին եմ, ավարտել եմ 3 բարձրագույն հաստատություն ոչ թե նրա համար, որ բոլորից լավը լինեմ, այլ, որ բոլորից շատ իմանամ: Ճիշտ է ասվում ժողովրդական խոսքում, որ մարդ պետք է ապրի 90 տարի, որից առաջին 30-ը պետք է սովորի, երկրորդ 30-ը ճամփորդի և վերջին 30-ը` այդ հավաքածը, տեսածը կարողանա կիսել մարդկանց հետ: Ես այս սկզբունքով աշխատել եմ, բայց խառնելով տարիները, քանի որ առաջին 30 տարում ոչ միայն սովորել եմ, այլ նաև ճանփորդել եմ, երկրորդ 30 տարում և՛ սովորել եմ, և՛ սովորածս մատուցել եմ:

-Կա՞ որևէ դեր, որ, ինչ-որ պատճառներից ելնելով, չեք խաղացել, բայց կցանկանայիք խաղալ:

DSCF9292

- Շատ դերասաններ սնոտիապաշտ են և վախենում են ասել այն դերը, որը կցանկանային խաղալ, ես այդպիսին չեմ, բայց մի բան կարող եմ ասել. շատ դերասաններ ունեն իրենց կարապի երգը, որը ցանկանում են խաղալ, և կարող եմ ասել` իմ չխաղացած կերպարներից յուրաքանչյուրն էլ կցանկանայի խաղալ, բայց այժմ չունեմ հեղինակ, ով կարող է ճիշտ միքսել կերպարներ, որ կարողանամ մի քանի տարբեր դերեր խաղալ: 
-Դասավանդում եք Թատերական ինստիտուտում, շփվում նոր սերնդի հետ: Նկատու՞մ եք հետաքրքրություն արվեստի նկատմամբ:
- Դասավանդելը պատահական չեղավ, քանի որ նախանցյալ տարի ընդունելության հանձնաժողովի նախագահ էի, և այնքան շնորհալի երեխաներ եկան, որ շատ ափսոսեցի, որ նրանց ես ընդունեցի, բայց ուրիշները պետք է դասավադեն, այդ իսկ պատճառով անցյալ տարի, երբ կրկին հանձնաժողովի նախագահ էի, ընտրեցի այն մարդկանց, որոնց կցանականայի դասավադել: Կուրսս կազմեց 24 հոգի, որոնցից 1-2 տղայի և 4 աղջկա հաջողության վրա համոզված եմ:  

DSCF9290

- Ըստ Ձեզ` ի՞նչ հատկություններով է տարբերվում այս սերունդը մնացած սերունդներից: 
- Այս սերունդը ընկավ ոչ լավ շրջան, քանի որ 70-ականների երիտասարդները գրագետ, կարդացած և երաժշտությունից լավ տեղյակ էին, իսկ երբ եկան ցուրտ և մութ տարիները, մեջտեղից դուրս եկավ ճիշտ երաժշտությունը, գրականությունը: Շնորհակալ էինք, որ այդ օրերին կար Լորիս Ճգնավորյանը, ով կարողանում էր դահլիճը տաքացնել և ստիպել մարդկանց ունկնդրել դասական երաժշտություն: Ճիշտ է, կարող է պատահել, որ մարդկանց 1-2%-ը հասկանային, բայց գոնե ունկնդրում էին լավ երաժշտություն, մի փոքր կտրվում հոգսերից և առօրյայից: Այս շրջանում դասական երաժշտություն չկա, այժմ լսում են ռաբիզ, իսկ 70-ականներին մարդիկ տարված էին ջազով: Այս սերունդի մոտ ամենավտանգավորը հեշտ բանը հեշտ ընկալելն է, փոխանակ ուղեղը ծանրաբեռնեն, ձգտում են հեշտի. պետք է քեզ համար խոչընդոտներ ստեղծես, որ կարողաս հաջողություն ձեռք բերել: 

DSCF9279

-Միշտ դասական կերպար` գլխարկ, կոստյում, փողկապ: Ո՞րն է այս կերպարի գաղտնիքը:
- Գաղտնիք չկա, ուղղակի ամենաուժեղ տպավորությունը, որ ժամանակին ստացել եմ, եղել է Չարլի Չապլինի կերպարը: Գլխարկ, ձեռանափայտ, ծխամորճ, ակնոց, սրանք ոչ թե նրա համար են, որ ես տարբերվեմ բոլորից, այլ դրանք իմ աքսեսուարներն են, ես առանց դրանց իսկապես չեմ կարող: Պարտադիր չէ, որ անձրև լինի, որ անձրևանոց կրեմ: Օրինակ` ունեմ գլխարկների, անձրևանոցների 30-40 տեսակ: Ես հեցն այնպես չեմ կարող կրել դրանք, պետք է տրամադրությունս թելադրի: Ես կյանքում էլ հենց այնպես ոչինչ չեմ անում. ինձ մոտ ամեն ինչ մտածված է: Անգամ ծխախոտ ընտրելիս, եթե չկա իմ ուզած ծխախոտը, չեմ ծխում: Երբեք չեմ ծխում ծխելու համար: 

-«Արտիստը» տեսահոլովակի մասին գիտեի՞ք, Մայքլը տեղյակ պահե՞լ էր, որ ցանկանում է նման տեսահոլովակ նկարահանել:
- Տեղյակ էի տեսահոլովակի մասին, բայց դեպքեր պատահեցին, որոնք անսպասելի էին: Օրինակ` երբ 2 օր էր մնացել ծննդյանս 70-ամյակին, Սունդուկյան թատրոնում նկարահանում էին տեսահոլովակը, և նկարահանման ժամանակ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն ասաց, որ ժպտամ, ժպտացի, ասաց ժպտա այնպես, կարծես լավ լուր ստացար, էլի ժպտացի, ասաց` չէ՛, ժպտա այնպես, կարծես իմացել ես` թոռնիկ ես ունեցել, լիաթոք ժպտացի, ասաց լուրջ եմ ասում, լավ ժպտա, իրոք, թոռնիկ ես ունեցել: Այդ դրվագը կա տեսահոլովակում, բայց թե ո՞րն է, մինչ այսօր էլ չեմ կարողանում գտնել: 

DSCF9313

-Հետագա ի՞նչ պլաններ ունեք պրն. Քոթանջյան.
- Բոլորին հատուկ սնոտիապաշտությունն այս հարցում ես էլ ունեմ, քանի որ հաստատ չգիտեմ` կիրականանա այն, թե` ոչ, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում խոսել, քանի որ դեռ չեմ արել և պատկերացում չունեմ` կլինի այն, թե՞` ոչ:

- Ռաֆայել Քոթանջյանն իրեն տաղանդավո՞ր, շնորհալի՞, թե՞ հանճարեղ մարդ է պատկերացնում: 
- Ես տաղանդավոր մարդ եմ` երբեմն հանճարեղ առկայծումներով: Ես շնորհալի մարդուց մի քիչ բարձր եմ, քանի որ գիտակցականը գիտեմ, բայց հավատում եմ նաև իմ անգիտակցական աշխարհին:

- Փորձենք ամփոփել ուրախ նոտայով... ՀՀ ժողովրդական արտիստն անցավ 70-ի շեմը: Երբ հետադարձ հայացք եք գցում Ձեր կյանքի ամենագունեղ օրերին, որո՞նք են Ձեր աչքի առջև գալիս:
- Ամբողջ կյանքս աչքիս առջև է գալիս: Երբ ազատ ժամանակ եմ ունենում կամ մտածում եմ նոր նախագծեր կամ մտքի թռիչքով հետ եմ գնում, ընտրում իմ կյանքից մի երջանիկ օր և նորից վայրկյան առ վայրկյան լիիրավ վերապրում և վերապրում եմ, տպավորություն է, որ հենց նոր է տեղի ունեցել։

Հեղինակ՝ Դիանա Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել