«Կոնգրես» հյուրանոցի մոտ Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններից հավաքված երիտասարդների առկայությունը մեկ բան էր վկայում՝ մեկնարկել է «Հայաստանի ձայն» նախագծի երկրորդ եթերաշրջանը, և անցկացվում են նախագծի երկօրյա նախընտրական փուլերը:
Առաջին եթերաշրջանի հաջողություններից հետո նախագծին մասնակցողների թիվը բազմապատկվեց, և ահա դրա վառ օրինակն է հավաքված երիտասարդների արդեն հազարի հասնող բազմությունը:
Հուզմունք, վախ, ինչո՞ւ չէ նաև հիասթափություն… Մասնակիցների մոտ առկա այս զգացմունքները գալիս են փաստելու, որ սա իրենց համար կյանքի նոր էտապ է՝ հիանալի հնարավորություն դեպի մեծ բեմեր: Մասնակից երիտասարդներից ոմանք անհամբեր շարժումներով բարձրաձայնում էին իրենց նախընտրած կատարումը, որը պետք է ներկայացնեին ժյուրիի դատին: Ոմանք նախընտրել էին հայկական կատարումներ, սակայն փոքր թիվ չէին կազմում նաև օտարալեզուները:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նախագծի Քասթինգ պրոդյուսեր և երաժշտական մասի պատասխանատու Ալեքսանդր Մհերյանը, հոլանդական «Տալպա» ընկերության կողմից գնված «Հայաստանի ձայնը» նախագիծը պահպանում է միջազգային ֆորմատը, որը «Տալպա»-ի կողմից կետ առ կետ վերահսկվում է: Մրցավարների կազմը ներառում է չորս հոգի, սակայն այն դեռ քննարկվում է:
Անհամբերությամբ սպասող մոտ հազարի հասնող մասնակիցների հուզմունքը տեղին է, քանի որ նրանցից պետք է ընտրվեն 125-ը, իսկ ընտրված մասնակիցների ցանկը հաստատվում է նաև «Տալպա» ընկերության կողմից: 125 մասնակիցներին ևս պետք է մեծ համբերություն, քանի որ նրանք պետք է ըստ արժանվույն ներկայանան “Կույր լսումներին”՝ հաջորդ փուլ անցնելու համար:
Նախագծի՝ երեկ և այսօր անցկացված նախընտրական փուլերը հեռուստադիտողները դիտելու հնարավորություն չեն ունենա: Այն կենդանի նվագակցությամբ հեռուստադիտողի դատին կհանձնվի միայն “Կույր լսումների” փուլից սկսած` հոկտեմբեր ամսին: Դրան կհաջորդի “Մենամարտերի” փուլը, այնուհետև քայլ առ քայլ կմոտենանք վերջին փուլին և, ի վերջո, ականատես կլինենք հաղթական ավարտին, որի ժամանակ էլ կընտրվի հաղթող մասնակիցը, ով պայմանագիր կկնքի Յունիվերսլ Մյուզիք Գրուպի հետ և կարժանանա բազմաթիվ անակնկալների:



