Երկու ընկեր, երկու սպա, երկու Արցախի հերոս։ Հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյան և դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյան։ Արցախցի այս երկու հայորդիները հայրենի երկրի պաշտպանության գործին նվիրեցին իրենց ողջ գիտակից կյանքը, ու նույն հայրենիքին սպառնացող վտանգի առաջին իսկ օրվանից պաշտպան կանգնեցին նրա սահմաններին։
44-օրյա պատերազմի հենց սկզբից Նարեկն ու Թովմասը դիրքերում էին։ Նրանց ղեկավարությամբ գումարտակի կազմում ձևավորվում է դիվերսիոն և հակադիվերսիոն խումբ, որի կազմով մեր և թշնամու տարածքում իրականացվում են մի շարք հաջող օպերացիաների, որոնցից մեկի՝ Եղնիկներում թշնամուց առգրաված զրահատեխնիկայի տեսանյութը, պատերազմի օրերին լայն տարածում գտավ համացանցում։
Պատերազմի ամենատարբեր թեժ կետերում հատուկ առաջադրանքները կատարելուց ու 42 օր պատերազմի դժոխքի միջով անցնելուց հետո, նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում ընկան տղերքը։ 2 օր անց ընկավ նաև բերդաքաղաքը։
Թովմասին հուղարկավորեցին Ստեփանակերտի Եղբայրականում, Նարեկին՝ Եռաբլուր պանթեոնում։ Բայց Ստեփանակերտում՝ Թովմասի կողքին, հողին հանձնեցին նաև Նարեկի հագուստներից ու անձնական իրերից, որպեսզի երկու ընկեր անբաժան լինեն նաև վերջին հանգրվանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել