YouTube-ի հիթ է դարձել 94-ամյա թոշակառուի երգը՝ նվիրված հանգուցյալ կնոջ հիշատակին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Իլինոյսում Green Shoes ամերիկյան ստուդիայի ներկայացուցիչները հայտարարել են կիթառով լավագույն երգի մրցույթ: Մասնակիցներին առաջարկվում էր տեսանյութ ձայնագրել YouTube-ի համար և կազմակերպիչներին ուղարկել հոլովակի հղումը: Մրցույթի հաղթող է դարձել 94-ամյա Ֆրեդ Սթոբաուհը, ում երգը նվիրված էր իր հանգուցյալ կնոջ հիշատակին՝ հաղորդում է Huffington Post-ը: 

Ստուդիայի ներկայացուցիչները շատ զարմացած էին՝ հղման փոխարեն ստանալով շագանակագույն ծրար, որում դրված է եղել տարեց ամերիկացու կողմից գրված Oh Sweet Lorraine երգի տեքստը: Տեքստին Ֆրեդ Սթոբաուհը կցել էր մի մեծ նամակ, որում ներկայացրել էր իր պատմությունը: Թոշակառուն ընդունել է, որ երաժիշտ չէ, սակայն երազում է, որ իր բանաստեղծության խոսքերով երգ գրվի: 

Իլինոյսի 94-ամյա բնակիչը Oh Sweet Lorraine երգը նվիրել է կնոջը, ով մահացել է մեկ տարի առաջ: Այդ ողբերգությունը կոտրել էր տղամարդու սիրտը: Նա պատմել է, որ հանդիպել էր իր ապագա կնոջը 1938 թ.-ին և այդ ժամանակվանից նրանից չի բաժանվել: 

«Նա ամենագեղեցիկ աղջիկն էր, ում ես երբևէ հանդիպել եմ: Նա ինձ 75 տարվա երջանիկ կյանք է նվիրել»,- գրել է Ֆրեդ Սթոբաուհը:

Մրցույթի կազմակերպիչներին այնքան էր հուզել պատմությունը, որ նրանք որոշել էին օգնել ծերունուն ձայնագրել երգը: Ստեղծագործությունը արագ դարձել է YouTube-ի հիթ՝ մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով առնվազն 155 հազար դիտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել