Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը «Դեպի եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ինտեգրացման գործընթացներին, հակասական մտքեր է արտահայտել:

Վերջինս մի կողմից հայտարարել է, թե «Արևմտյան գործընկերները, որոնց հետ մենք էլ շփվում ենք, երբեմն թույլ են տալիս իրականությունը չարտահայտող երևույթներ: Եկեք չմոռանանք լեհ ներկայացուցիչների ելույթները, ովքեր ասացին, որ «և՛-և՛»-ի տարբերակը անհնար է և պետք է ընտրել, շարժվել «կա՛մ-կա՛մ»-ով»: Ստացվում է, որ ռուս դիվանագետը, «իրականությունը չարտահայտող» համարելով «կամ-կամ»-ի դրույթը, իր համաձայնությունն է արտահայտում Հայաստանի որդեգրած «և-և»-ի մոտեցմանը: Համենայնդեպս, վերջինիս խոսքի այդ հատվածից այդ տպավորությունն է ստացվում:
Մյուս կողմից, Ա. Վասիլևը, անդրադառնալով Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մտադրությանը, նշում է, որ «քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում»` ընդգծելով, թե՝ «Կարծում եմ` ընտրությունը կկայացվի և կկայացվի ճիշտ»:

Ստացվում է, որ մի կողմից ռուս դիվանագետը քննադատում է եվրոպացիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը պետք է ինտեգրացիոն ուղղությունների հետ կապված ընտրություն կատարի, սակայն մյուս տեսանկյունից ակնարկում, որ պաշտոնական Մոսկվան ևս սպասում է Հայաստանի ընտրությանը:
Ինչ վերաբերում է դիվանագետի հնչեցրած՝ «քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում» արտահայտությանը, ապա այստեղ պետք է միայն հավելել, որ Հայաստանը վաղուց է արտաքին քաղաքական վեկտորների հարցում որոշում կայացրել. Հայաստանը, իր ազգային ու պետական շահերից ելնելով, վաղուց է ընտրել բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ հստակեցնելով, որ ԵՄ-ի հետ տեսնում է տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման անհրաժեշտություն, իսկ ՌԴ-ի հետ՝ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացում և ամրապնդում:
Ակնհայտ է, որ մանավանդ անվտանգության հետ կապված հարցերում Հայաստանը բազմաթիվ թելերով «ամուր կապված է» Ռուսաստանին, որի ամենանկատելի վկայությունը Հայաստանում ռուսական ռազմակայանի երկարաժամկետ ներկայությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել