Tert.am-ը գրում է.

Լեոնարդո դա Վինչիի մահից հետո աշխարհն այլևս նախկինի նման չէր։ «Մոնա Լիզայի» կերպարը, «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, «Մարդն ըստ Վիտրուվիոսի» նկարը. այս ամենն առաջինն է, ինչ հիշում ենք հայտնի նկարչի անունը հիշատակելիս։ Սակայն Լեոնարդոն շատ ավելին էր, քան նկարիչ։ Նա «ունիվերսալ մարդու» վառ օրինակ է, չէ՞ որ նա նաև ճարտարապետ էր, երաժիշտ, մաթեմատիկոս, գյուտարար, գրող, քարտեզագիր։ Մի խոսքով՝ հանճար։

Մայքլ Գելբը անձի ստեղծագործական զարգացմանը նվիրված 13 գիրք է գրել, որոնցից ամենահայտնիներն են «Դա Վինչիի բացահայտված ծածկագիրը» և «Սովորեք մտածել և նկարել ինչպես Լեոնարդո դա Վինչին. 7 քայլ դեպի հանճարեղությունը յուրաքանչյուր օր»։ Գելբը, ուսումնասիրելով դա Վինչիի ձեռագրերը, բացահայտել է նրա հանճարեղության մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն ձեզ ավելի կրեատիվ լինել, գրում է lifehacker.ru-ն։

1. Հետաքրքրասիրություն

Բոլոր երեխաները հետաքրքրասեր են. մինչ 5 տարեկան երեխան հազարավոր հարցեր է տալիս։ Այդպիսով՝ նրանք ճանաչում են աշխարհը։ Սակայն, Գելբի կարծիքով, տեղի է ունենում ինչ-որ բան, որը հանգեցնում է հետաքրքրասիրության կորստին։

Լեոնարդոյի նման հանճարները երեխայի նման հետաքրքասեր են մնում ամբողջ կյանքում։ Մի՛ դադարեք հարցեր տալ, չէ որ հարցերը միացման բանալի են ժամանակի մեքենայում։ Պատասխանների որոնումը հանգեցնում է նրա շարժին և ստիպում մարդկությանն առաջ շարժվել։

2. Անկախ մտածելակերպ

Տարիների ընթացքում մարդու մոտ ձևավորվում է սեփական կարծիք։ Թվում է՝ դա վատ չէ։ Սակայն խնդիրն այն է, որ աստիճանաբար մարդն իրեն շրջապատում է միայն տեղեկատվության այն աղբյուրներով, որոնք չեն հակասում իր կարծիքին։ Գելբը նշում է, որ ստեղծագործելու համար անհրաժեշտ է փնտրել այլ աղբյուրներ. դա օգնում է անկախ մտածել։

3. Զգացողությունների սրություն

Իտալացիներն ունեն «la dolce vita» արտահայտությունը, որը նշանակում է «քաղցր կյանք», ֆրանսիացիներն ասում են «joie de vivre», այսինքն՝ «կյանքի ուրախություն»։ Ամերիկայում ասում են «happy hour»՝ «երջանիկ ժամ»։ Այս բոլոր արտահայտությունները բնութագրում են պահն ընկալելու և այն վայելելու ունակությունը։

Մանրուքների նկատմամբ ուշադրությունը կարևոր է ստեղծագործելու համար։ Գելբը կարծում է, որ գեղեցիկի զգացողությունը սրացնելուն օգնում են երաժշտությունը, արվեստը, պոեզիան և նույնիսկ լավ գինին և շոկոլադը։

4. Անորոշություն

Անորոշությունը վախեցնում է։ Մարդիկ հաճախ նահանջում են որևէ նոր բանի առաջ, քանի որ չգիտեն ինչպես վարվել անսովոր իրավիճակում։ Սակայն անորոշության պայմաններում ինքնավստահությունը ստեղծագործելու կարևոր մասն է կազմում։

5. Տրամաբանություն և երևակայություն

Համարվում է, որ ուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է կրեատիվության համար, իսկ ձախը՝ վերլուծության։ Որպես կանոն, մարդու մոտ զարգացած է կամ մեկը, կամ մյուսը։ Սակայն այսօր նոր արդյունավետ գաղափարներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավասարաչափ գործարկել ուղեղի երկու կիսագնդերը, զարգացնել և՛ ստեղծագործական, և՛ տրամաբանական մտածելակերպը։

Գելբն առաջարկում է նկարել։ Փորձեք թղթի վրա պատկերել ձեր գաղափարները։ Ինչպիսի՞ ասոցիացիաներ է առաջացնում ստացված նկարը։ Ի՞ նչն է նրանում պակաս կամ, ընդհակառակը, ավելորդ։ Հորինեք և վերլուծեք ձեր գաղափարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել