1in.am-ը գրում է.
Վերջին ժամանակներս արագ ժամադրությունների հետազոտողները հայտնել են, որ երկու սեռերն էլ իրենց հավանական զուգընկերներից նույն ակնկալիքներն ունեն, թեև սիրահարվածներն իրենք այլ բան են պնդում:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ պնդումը ենթակա է վերանայման: Իրականում տղամարդիկ ու կանայք չեն ստում, երբ ասում են, թե ինչ են փնտրում: Տղաներին ավելի շատ հետաքրքրում է ընտրյալի արտաքինը, իսկ աղջիկներին՝ տղաների սոցիալական կարգավիճակը:
Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունն ապացուցում է, որ տարբեր սեռերի ներկայացուցիչները զուընկերներին տրվող նախապատվություններով տարբերվում են:
Ռոմանտիկ հարաբերությունների նախորդ հետազոտությունը ցույց էր տվել, որ զուգընկերոջ վերաբերյալ մարդկանց ակնկալիքներն ու պահանջները խիստ տարաբնույթ են։
Սինգապուրի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Նորման Լին իր գործընկերների հետ միասին տարաբնույթ փորձեր է իրականացրել առցանց-չաթերի ու արագ ժամադրությունների մեթոդների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ հետազոտությունների՝ դրա մեջ ընդգրկվել են ցածր սոցիալական կարգավիճակով ու գրավչությամբ տղամարդիկ ու կանայք:
Տղամարդիկ հաճախ են նշել ձգողության բացակայության մասին ոչ գրավիչ կանանց նկատմամբ, իսկ կանայք էլ հայտնել են իրենց արհամարհանքը սոցիալապես ոչ բարձր մակարդակի վրա գտնվող տղամարդկանց հանդեպ:
Ըստ Լիի՝ նախապատվության տարբերությունն ակնհայտ է հատկապես ծանոթության սկզբնական շրջանում: Քանի որ արագ ժամադրությունները չեն կարող սպառիչ պատկերացում տալ մարդու ֆիզիկական գրավչության ու սոցիալական կարգավիճակի մասին, կարող է տպավորություն ստեղծվել, որ մարդիկ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում հարաբերություններից: