Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկել է խաղաղ երթ։

Ակցիան մեկնարկել է Տերունական աղոթքով, այնուհետև մասնակիցները «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ։

Ակցիայի մասնակիցներից մեկը, հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հայտարարության վերաբերյալ, ասաց, որ դա Ադրբեջանի ցանկությունն է․«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստեփանակերտում, ապացույցն է նրա, որ ինչ–որ մարդիկ չեն կարողանալու խլեն մեր հայրենիքը մեզնից։ Այն, ինչ այսօր ասում է պաշտոնական Հայաստանը, ուղիղ ցիտում է Ադրբեջանին։ Ուղղակի որպես փոքրամասնություն ապրել մեր հայրենիքում, բայց ոչ տիրոջ իրավունքով, դա մենք թույլ չենք տալու։ Մենք թույլ չենք տալու մեր քաջորդիների անունով սրբացած մեր հայրենիքը խլեն մեզնից, Արցախը մեծագույն պարգև է, որն ունի հայ ժողովուրդը»։

Ակցիան ուղեկցվում էր՝ «Միություն, պայթար, հաղթանակ», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։

Երթն ավարտվել է Վերածննդի հրապարակում, որտեղ նախատեսված է տոնական համերգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել