Lurer.com-ը գրում է.

Մեր ձեռքից փորձում են խլել վերջին շրջանի պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Արցախյան ազատամարտով ազատագրված հայկական տարածքները, Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ամենամեծ հաջողությունը, որն այսօր փորձում են մեր ձեռքից խլել, այն է, որ մենք Արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 000 քառակուսի կիլոմետր հայկական վերահսկողության տակ անցած տարածք։ Սա պարծանք էր մեր սերնդի համար։

Սա պատմական, մեծ հաջողություն էր, և եկավ այս իշխանությունը, 42 000 քառակուսի կիլոմետրից թողեց մոտ 32 000-ը, ու դրանից հետո հարցնում է՝ ի՞նչ ենք արել մենք էս ազգի համար վատ, որ ուզում եք, որ մենք հեռանանք»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ընդդիմադիր գործիչը հարց հնչեցրեց՝ էլ ի՞նչ պետք է աներ, այս իշխանությունը, որ հեռանար։

«Ձեզ փոխանցվել էր մեր վերահսկողության տակ գտնվող 42 000 քառակուսի կիլոմետր հայկական տարածք, դուք այսօր թողել եք 32 000-ը, ու դեռ հարց է՝ այդ 32 000-ն էլ կմնա՞, թե՞ ոչ։

Եթե իրենք մնան, չի մնալու։ Սա է իրական մարտահրավերը, որը մեզ բոլորիս հավաքել է այս հրապարակում»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նաև հայտարարեց՝ այն ապագան, որն այս իշխանություններն են խոստանում իրենց վարած քաղաքականության արդյունքում, կործանարար է։

«Ու՞մ է պետք այդպիսի ապագան, եթե մենք մեր տեսակը չենք ունենալու։ Չարքաշ կյանքով, թրքահպատակ ապագան ու՞մ է պետք։ Մենք ստրուկ ազգ երբեք չենք եղել։ Այո, պատահել է, որ պարտվել ենք, բայց երբեք չենք ծնկել։

Իսկ ով որ ծնկել է, պետք է հեռանա։ Ով որ ծնկել է, իրավունք չունի կանգուն ազգին ղեկավարել, պետք է հեռանա»,- շեշտեց նա։

Արմեն Ռուստամյանը նաև հայտարարեց՝ վստահ է, որ պայքարը, որը մեկնարկել է և որի նպատակը Հայաստանի ու Արցախի փրկությունն է, հաջողությամբ է ավարտվելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել