Emedia.am-ը գրում է.

Ներկայացնում ենք ՀՀ Ոստիկանության պարզաբանումը, ՄԻՊ հայտարարության առնչությամբ:

ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք…» և այլն, և այլն:

Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:

Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել