Հայաստանի այսօրվա վիճակը շատ նմանություններ ունի 1918թ. մայիսի 27-ի իրավիճակի հետ. պատերազմից հյուծված, բարոյալքված բանակ, ցեղասպանության հետևանքով կոտրված ու խաղաղություն տենչող հասարակություն, թուրքական ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, գոյամարտ։
1918թ. Հայաստանն ու Հայերը ուժ գտան սթափվելու, միավորվելու և հաղթելու համար, ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ ունեն իրավունք ապրել ու զարգանալ իրենց պատմական հայրենիքում։
Իրավիճակը տարբերվում է միայն մեկ բանում. 1918թ. մայիսի 27-ին Հայկական պետությունը ղեկավարում էին բանիմաց ու հայրենասեր պետական գործիչներ, իսկ բանակը՝ իրական նվիրյալներ, հայրենասերներ, որոնք թշնամու հետ կենաց-մահու պայքարի մեջ մտան ապրելու և ապրեցնելու անբեկանելի հանձնառությամբ, չտրվեցին ներքաղաքական ինտրիգներին ու խարդավանքներին։
Ուղղակի գիտակցեցին իրական Հայկական շահը, միավորվեցին, կռվեցին ու ՀԱՂԹԵՑԻՆ։
Մեզ սպասում են նոր Սարդարապատեր, որտեղ մենք կրկին կապացուցենք աշխարհին ու, որ ամենակարեւորն է, ինքներս մեզ, որ մենք արժանի ենք ունենալ պետություն, արժանի ենք ապրել ու արարել մեր պատմական հայրենիքում։
Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք համախմբվել ու հաղթել։
Կապացուցենք ևս մեկ անգամ։
Առջևում մեզ սպասում են նոր հաղթանակներ, նվաճումներ, և մենք միասնական ուժով կձևավորենք ուժեղ, ամուր և21-րդ դարի պահանջներին համապատասխանող պետություն ու պետականություն։
Ամեն ինչ լավ է լինելու . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10216293229563570
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել