Հայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ,
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:
Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:
Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։
Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։
Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը:
Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն:
Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝
վերահաստատում ենք.
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։
Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին եւ ձեւավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն։
«Դիմադրություն» շարժում
Ֆրանսիայի հրապարակ
23.05.2022
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել