1in.am-ը գրում է.

Օրեր առաջ Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակի թիրախ էին դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը: Զինծառայողներից մեկը մահացել էր, մյուսը՝ վիրավորվել: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ միջադեպը գրանցվել էր Հայաստանի ամենահարավային կետում՝ Արաքս գետի ափին տեղակայված մարտական հենակետում, որտեղ հատվում է իրանական և հայ-ադրբեջանական սահմանը, և որտեղ նման սահմանային միջադեպ առաջին անգամ գրանցվեց: 

ՀՀ ՊՆ-ն իր տարածած հայտարարությամբ արձանագրել էր, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահարի կրակից, 700-800 մետր հեռավորությունից: 

«Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանը` նախկինում Ադրբեջանը ձգտում էր ապակայունացնել Նախիջևանի սահմանը՝ համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը, և նախիջևանցի ընտրողներին «հիշեցնել», թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվություն կկրեն անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջադեպին և ՀՀ պաշտոնական արձագանքի համարժեքությանն անդրադարձավ ՀՀ արտգործնախարարի նախկին խոսնակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արա Պապյանը: Վերջինս ընդգծեց, որ սահմանային այս հատվածում միջադեպը ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի կողմից ակնհայտորեն ընդլայնվում է՝ վերաճելով հայ-ադրբեջանական հակամարտության և ոչ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության: Ուստի, նրա համոզմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների այս ձգտմամբ են պայմանավորված նաև Տավուշի շրջանում սահմանային միջադեպերը: 

«Ադրբեջանն ընդլայնում է Ղարաբաղյան հակամարտության եզրագիծն ու ռազմաճակատը՝ հետապնդելով մի շարք խնդիրներ: Առաջինը՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ սա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն է, երկրորդը՝ ջանում է հոգեբանական, ռազմական, տնտեսական ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սա նշանակում է, որ բազմաթիվ սահմանամերձ գյուղեր պետք է իրենց ավելի խոցելի զգան, ՀՀ-ն պետք է գումար ծախսի պաշտպանական դիրքերի ավելի ամրացման ուղղությամբ, ստիպված լինի ավելի ու ավելի շատ զորքեր պահել և այլն, և այլն: Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ խնդիրը Իրիվանի խանության ազատագրումն է»,- ասաց նա: 

Արա Պապյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, բնականաբար, Նախիջևանի հարցում որևէ մանդատ չունի, որովհետև խումբը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նա նշեց, որ իր համար նեղ մոտեցումը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, թե հակամարտությունը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարց է, ընդունելի չէ, որովհետև ինքնորոշման իրավունքը գործադրվում է այն իրավիճակներում, երբ տվյալ տարածքի վրա ապրող ժողովուրդն օրինապես գտնվում է ինչ-որ երկրի սահմանների ներսում և օրենքով ցանկանում է անկախանալ, ինչը բացակայում է և Ղարաբաղի, և Նախիջևանի պարագայում: 

«Այսինքն՝ եղել է կուսակցական անօրինական որոշում, խախտելով միջազգային մի շարք պայմանավորվածություններ՝ այդ տարածքները տրվել են վարչական ենթակայության ներքո Ադրբեջանական ՍՍՀ-ին և ոչ Ադրբեջանի կազմին, որովհետև Ադրբեջանը կազմ չի ունեցել: Հետևաբար, ի սկզբանե՝ 1991թ. մենք այս բոլոր հարցերը պետք է դնեինք, ընդ որում՝ Նախիջևանի հարցը ևս, որովհետև դա անվիճելիորեն հայկական տարածք է, այսինքն՝ եթե Ելիզավետոպոլի նահանգում անվիճելի տարածքներ կային, ապա Նախիջևանը Երևանի նահանգի մաս էր, և անվիճելիորեն բոլոր կողմերը, այդ թվում նաև՝ Ադրբեջանը ճանաչել էր, որ Երևանի և Կարսի նահանգը Հայաստանի մաս է կազմում: Նախ օսմանցիները եկան և 1918թ. կոտորածներ սարքեցին այդտեղ, իսկ հետագայում՝ 1921 թ. քեմալականներն էին ու բոլշևիկները, որ պայմանավորվեցին, և բոլշևիկներն էլ իրենց համաշխարհային հեղափոխության մարմաջով սկսեցին մեր հաշվին կաշառել թուրքերին և մուսուլմաններին ու իրականացնել այդ ծրագրերը: 

Այդ հարցերը պետք է բարձրացվեին և բարձրացվեն, հակառակ դեպքում մենք ընդունում ենք, որ անօրինականությունը կարող է իրավունքի հիմք դառնալ: Չեմ կարծում, որ Մինսկի խումբը, որպես այդպիսին, այս հարցն օրակարգ կմտցնի, բայց չմոռանանք, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններ են, և իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ ՀՀ-ն դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որովհետև Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի 34 և 35-րդ հոդվածներով զբաղվում է վերահսկողական գործընթացներով այն պարագայում, երբ առկա է խաղաղությանը վտանգող իրավիճակ: 

Վստահ եմ, որ սա առաջին դեպքն է, բայց այն կշարունակվի, և վստահ եմ, որ Ադրբեջանը ցանկանում է տեսնել Հայաստանի արձագանքը, իսկ այդ արձագանքը բավականին մեղմ էր, որովհետև մենք ընդունեցինք այդ դեպքը գրեթե նույն կերպ, ինչպես Ղարաբաղի սահմանի կամ Հյուսիսային սահմանի ուղղությամբ կրակոցը, այնինչ սա բացարձակ նոր իրավիճակ է ստեղծում՝ և իրավական, և ռազմաքաղաքական առումով»,- մեկնաբանեց Արա Պապյանը: 

Նա հիշեցրեց, որ շատ քաղաքական գործիչներ 1990-ական թթ. գլուխ էին գովում, որ իրենց հաջողվեց չեզոքացնել Ադրբեջանին, որ իրենք Նախիջևանի մասով շատ խելոք էին և այլն: «Բայց ես կարծում եմ, որ հակառակն է եղել՝ Ալիևն է շատ խելոք կերպով չեզոքացրել և փրկել Նախիջևանը: Մենք կարող էիք Նախիջևանի հարցը շատ խելոք կերպով լուծել: Ոչ Թուրքիան և ոչ էլ այլ երկիր այդ ժամանակ ազդեցություն չունեին, և այսօր մեզ պարզապես 20 տոկոս օկուպացիայի փոխարեն կմեղադրեին 40 տոկոս օկուպացիայի մեջ: Թող մեղադրեին, ի՞նչ տարբերություն: 

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե մենք 90-ական թթ. լուծած լինեինք Նախիջևանի հարցը, մեր ծանրագույն տարիներն այդքան ծանր չէին լինի, որովհետև Իրանի հետ կգործեր մեր երկաթգիծը: Մենք դա չարեցինք և այսօր քաղում ենք մեր համեստ քաղաքականության պտուղները»,- այսպես ավարտեց իր խոսքը Արա Պապյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել