Armeniasputnik.am-ը գրում է.
«Դիմադրություն» շարժումը հաջորդ շաբաթվանից փոխում է մարտավարությունը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այո՛, հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի, որովհետև մենք արդեն դրա համար բավարար ուժ ունենք, պետք է նաև ընդգրկենք մեր բոլոր հայրենակիցներին»,– ասաց նա։
Սաղաթելյանը վստահեցրեց` պայքարը մեկ օրվա ու մեկ ուժի գործ չէ։ Բայց քանի որ հանրային պահանջը կա, այն պետք լիարժեք դրսևորվի։
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին վկայում են վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։
«Բայց դա մեզ ավելի է ուժեղացնում։ Ինչքան բռնում են, այնքան ավելի ենք ավելանում»,– ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել