Երեկ ԱԺ-ում ընդդիմությունը որոշեց Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելուց հետո դուրս գալ դահլիճից, ինչը նիկոլականների ծափերին արժանացավ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»։ Երբ տեսան՝ «ընկեր Նապոլեոնը» ծափահարում է, ՔՊ-ականներն սկսեցին եռանդուն եւ ստրկաբար ծափահարել՝ «ձայնակցելով» Փաշինյանին։ Ու դարձյալ մեր աչքի առաջ եկան Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայից» որոշ տեսարաններ։ Ավելի զզվելի էր այն, թե ինչպես էին կառավարության անդամները ծափ տալիս։

Ամենաեռանդունը ծափահարում էր սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, որին ջերմեռանդությամբ չէր զիջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ծափերի հետ նաեւ գլուխը թափահարելով։ Բայց եթե նրանք նստած էին ծափահարում, ապա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու պատանի փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հոտնկայս էին ծափահարում, որ ավելի շատ աչքի ընկնեն։ Ծափահարողների մեջ էին նաեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Փամբուխչյանը՝ հոտնկայս։ Կեսից գլխի ընկավ ու ՔՊ-ականների ծափերին միացավ նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ամենահամեստ ու «ամոթու» ծափահարողը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էր։ «Ստրուկների» ծափին չմիացան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, որոնք ՔՊ-ական չեն: ԲՏԱ նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւս անմասն մնաց այս խրախճանքից։ Նրանք լուռ նստած, առանց էմոցիաների, հետեւում էին այս ամոթալի տեսարանին, հուսանք` ամաչելով իրենց գործընկերների պահվածքի համար:  

Երբ նիստից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության միջանցքում պատահմամբ հայտնված Անահիտ Ավանեսյանին հարցրինք, թե ինչու էր այդպես ոգեւորված ծափահարում, պատասխանեց․ «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Դիտարկմանը, թե իրենց կառավարության անդամներից ոմանք չէին ծափահարում, իսկ ինքը շատ ջերմեռանդորեն էր ծափահարում, դա հատուկ Նիկոլ Փաշինյանին դուր գալո՞ւ համար էր անում, Ավանեսյանը նեղսրտեց մեր հարցից ու չարձագանքեց։ Նրա կողքով քայլող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ մեր հարցին, թե ինչու էր ծափահարում, ասաց․ «Այդպես եմ կամեցել»։

- Երկիրը ծանր վիճակում է, ընդդիմությունը կառավարության հրաժարականն է պահանջում, տեսաք՝ կառավարության հրաժարականի պահանջը ձեւակերպեցին, իսկ դուք նստած՝ ծափ էիք տալիս։

- Բա որ երկիրը ծանր վիճակում է, ամբողջ օրը երգուպարի տակ՝ ինչի՞ են փողոցում երգելով․․․

- Հայրենասիրական երգեր են երգում։

- Ո՞նց։

- «Զարթնի՛ր, լաո»-ն, օրինակ, հայրենասիրական երգ է։

- Այսինքն՝ «Զարթնի՛ր, լաո՞» են երգում։

- Չէ, այլ ժողովրդական եւ հայրենասիրական երգեր էլ են հնչում։

- Դուք ռեպերտուարը գիտե՞ք։

- Չէ, բայց ես հաճախ եմ լինում միտինգներին ու լսում եմ։

- Հա, լավ, հիմա, լավ եք անում, ինձնից ի՞նչ եք ուզում։

- Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն էր այդտեղ ծափահարելու, ոգեւորվելու առիթ տվել Ձեզ։

- Որովհետեւ էդտեղ մթնոլորտը լիցքաթափվեց, եւ մարդիկ իրենց տված հարցի պատասխանը չլսելով՝ գնացին, որովհետեւ, ընդհանրապես, կուլտուրան պահանջում է, որ եթե դու հարց ես տվել, բարի եղիր՝ պատասխանը լսես։ Իսկ եթե դու հարց չէիր ուզում տալ, ուրեմն պետք չէր տալ։

- Իրենք հարց չտվեցին, իրենք ընդամենը պահանջ ներկայացրին։

- Չէ, պահանջը հարցի տեսքով էր։ Ինչպես գիտեք՝ էսօր հարց եւ պատասխանի օրն էր, ոչ թե պահանջատիրական․․․ Ամեն պահանջ հարցի տեսքով է ներկայացվում, հարգելի լրագրող։

- Ի դեպ, կառավարության ոչ բոլոր անդամներն էին ծափահարում։ Ձեզ համար հետաքրքի՞ր չէ, թե ինչու ոմանք չէին ծափահարում։

- Չէ, ինձ դուր եկավ, որ իրենք գնացին, ճիշտը որ ասեմ, որովհետեւ լարվածություն կար օդում։ Որովհետեւ, գիտե՞ք, պառլամենտն այն վայրն է, որտեղ պիտի խոսվի, որտեղ պիտի միտք հնչի, հարց հնչի, պատասխան ակնկալվի, դիսկուրս պիտի գնա։ Հասկանո՞ւմ եք, ես սովոր չեմ․․․ Ընդհանրապես, երբ որ հարց ես տալիս, պիտի ակնկալես պատասխան։ Երբ որ դու հարցը տալիս եւ թողնում դահլիճից դուրս ես գալիս, դա անհասկանալի է, իրոք անհասկանալի է։

- Բայց իրենք իրենց պահանջը ձեւակերպեցին, չէ՞, ոչ թե հարց տվեցին։

- Հիմա Դուք իրենց խոսնա՞կն եք։ Ես չեմ ուզում մեկնաբանել որեւիցե մեկի արարքը։

- Չէ, ես խնդրում եմ, որ Դուք մեկնաբանեք Ձեր արարքը։

- Այո, եւ այդ ընթացքում հնչեց միտք, եւ մեր ծափերը հիմնականում դրան էին ուղղված՝ այդ մտքին, որ մի քանի անգամ հնչեց ամբիոնից, որ «կեցցե՛ հայաստանյան ժողովրդավարությունը»։ Այո, «կեցցե՛ հայաստանյան ժողովրդավարությունը»։

- Իսկ ժողովրդավարության դրսեւորո՞ւմ է, արդյոք, որ փշալարերով ու հազարավոր ոստիկաններով են շրջապատել Ազգային ժողովի շենքը։

- Իհարկե։

- Ինչո՞վ է դա ժողովրդավարական։

- Անվտանգության համար է։

- Ո՞ւմ անվտանգության։

- Դե, գիտե՞ք ինչ, Դուք չեք հետեւում, երեւի, երկրի անցուդարձին, Դուք չգիտեք՝ ինչ է կատարվում փողոցներում, եւ Դուք չգիտեք՝ ինչեր է․․․ Այսինքն՝ շատ լավ էլ գիտեք։ Բայց, գիտե՞ք ինչ, անկեղծ եմ ասում, ես տրամադրված չեմ երկար զրույցի, ուղղակի հարգելով Ձեր մասնագիտությունը եւ Ձեր՝ վերջին հարցազրույցում տված հարցի կոռեկտությունը, ես հիմա իմ պարտքն եմ համարում պատասխանել Ձեր հարցերին։ Ինչպես տեսնում եք, ես Ձեր բոլոր հարցերին փորձում եմ անդրադառնալ եւ չեմ շրջվում մեջքով Ձեզ ու գնում։

- Դա գնահատելի է, լավ օրինակ կարող եք լինել Ձեր շատ գործընկերների համար։

- Չէ, խնդրում եմ՝ Դուք ինձ խորհուրդներ մի տվեք, չնայած, եթե շատ եք ուզում, տվեք։ Բայց կարիքը չունեմ, որ ունենամ, կդիմեմ Ձեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել