Civilnet.am-ը գրում է․
Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ civilnet.am-ի տաղավարում այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը։
Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանեց, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։
Հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, Աղաջանյանը պատասխանեց, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման հայտարարությունը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։
«Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասաց Աղաջանյանը։