Երկար տարիներ միասին կողք կողքի ապրել էին Զավեն և Մարո ամուսինները: Հաճախ էին չնչին բանի համար իրար հետ վիճում և օրերով իրարից խռով մնում: Զավենը մտածում էր, որ առաջինը Մարոն պետք է իրեն խոսել տա, որովհետև կին է ու պետք է ենթարկվի, հնազանդ լինի, իսկ Մարոն էլ իր հերթին մտածում էր, որ ամուսինը պիտի հարգի իր կնոջը, սիրի ու ամեն մի չնչին բանի համար նրա խաթրին չկպնի ու օրերով խռով պահի: Ու այսպես, նորից Զավենն ու Մարոն հերթական անգամ խռով էին, բայց այս անգամ համեմատաբար երկար տևեց: Մարոն էլ չէր դիմանում ու անընդհատ պատրվակներ էր ման գալիս, որ Զավենի հետ հաշտվի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում. Զավենը համառ էր, թարսացել էր: Մարոն մտածեց, մտածեց ու հնարքը գտավ. օջախ արեց, ջուր տաքացրեց, տաշտը դրեց ու Զավենի շուրջբոլորը սկսեց պտտվել:
Զավենը գլխի էր` ինչ է կատարվում, բայց իրեն միամիտի տեղ էր դնում, որ անպայման Մարոն խոսալ տա, խնդրի, աղաչի...
Մարոն գցեց-բռնեց, որ էսօր պետք է անպայման հաշտվեն. ինչքա՞ն կարելի է խռով մնալ:
Զավենը հացը կերավ, թանը խմեց ու դեպի այգի էր ուզում գնալ, ա՛յ այդ ժամանակ Մարոն նրա ճանապարհը կտրեց:
-Զավեն ջան, ջուր եմ տաքացրել, որ լողանաս, կեղտի մեջ փտեցիր. այ մարդ, էլի խռով մնա, բայց արի մտի տաշտը, լողացիր,- քաղցր խնդրեց Մարոն:
-Ջուրը հովանա՞ծ է,- խիստ տոնով հարցրեց Զավենը:
-Ամեն ինչ պատրաստ է, Զավեն ջան, մենակ թե դու լողացի,- ուրախ պատասխանեց Մարոն:
Բայց ինչ կատարվեց, զավեշտալի էր:
Զավենը ոտքերը հանեց ու շորերով մտավ տաշը:
-Էս ի՞նչ ես անում, այ մարդ, խելքդ թռցրե՞լ ես, շորերո՞վ ես լողանում,- բղավեց Մարոն:
-Հա՛, շորերով եմ լողանում,- ասելն ու դույլով ջուրը շուռ տվեց գլխին,-դու ինձանից թրջված Զավեն ուզի:
Ասել ուզեց, որ հաշտվում եմ, բայց զենքս վայր չեմ դնում. տղամարդ եմ, իմ խոսքի տերն եմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/579676045405108?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել