Հարգելի´ ընթերցողներ, այս հոդվածը չէր ծնվի, եթե չլիներ հետևյալ հանգամանքը: Մեր հասարակական կազմակերպություն էր եկել մի տարեց կին և վրդովված պատմում էր հետևյալը` «...գնացել էի մի պետական չինովնիկի մոտ և պահանջում էի, որպեսզի ինձ հուզող հարցը, որը անհիմն պատճառներով տարիներ շարունակ չի լուծվում, վերջապես լուծում ստանա: Մոտ տասը րոպե իմ խոսելուց հետո նա ինձ կտրուկ ընդհատեց և ասաց. «Ես քո ժամանակը չունեմ, ոչ էլ հավեսը, էս հարցը լուծման ենթակա չէ, ուր ուզում ես գնա, բողոքի, տեսնեմ, թե ինչի ես հասնելու, քեզ մեռանք ճիշտ ձևերն ասելով, որ չես հասկանում, ի՞նչ անեմ...»: Զայրացած այդ պատասխանից ես նրան ասացի, որ հենց իր նմաններն են կրակը գցել էս երկիրը, իր նմանների տեղը բանտում է... Ինձ լսելուց հետո նա ասեց. «Քեզ նայի, այ խղճուկ, ես որ նստեմ էլ, դուրս գալուց հետո մեկա քո վիճակին չեմ լինելու, ես ապահովված մարդ եմ, դու քեզ նայի, որ սեփական կատու էլ չունես...»:
Հարգելի´ ընթերցողներ, ճիշտն ասած` սովորական դարձած նման պատմությունները ինձ վրա այդքան ազդեցություն չէին թողնի, եթե չլիներ չինովնիկի լկտի պատասխանը: Եկեք մի պահ պատկերացնենք, որ կնոջ պահանջը հիրավի օրենքի սահմաններում անլուծելի է, սակայն դա չի նշանակում, որ չինովնիկը պետք է ունենա նման մտածելակերպ: Այո´, այսօր երկիրը թալանողներից շատերը հենց այդ սկզբունքով են շարժվում, այսինքն` «Ինչ տարանք` տարանք, կբռնվենք` կա՛մ տարածով մի ձև հարցերը կլուծենք, կա՛մ գոնե հետո ապահոված կլինենք...»: Միգուցե ժամանակն է եկել, որպեսզի այսպիսի մտածելակերպին վերջ տանք, միգուցե ժամանակն է եկել, որպեսզի երկիրը թալանողները գիտակցեն, որ բռնվելուց հետո նրանք ամեն ինչ կորցնելու են, միգուցե ժամանակն է եկել, որպեսզի երկրում գործի բռնագանձման նոր ավելի հստակ համակարգ..., միգուցե այսպիսի համակարգի կիրառումը թույլ կտա վախ ներշնչել թալանչիների մոտ, միգուցե հենց այդ համակարգը կդառնա յուրահատուկ զսպաշապիկ հետագա թալանը կանխելու համար: Թե չէ այսպես ի՞նչ է ստացվում, գողացածը «քյար» է: Նայեք` այսօր որ չինովնիկին որ նայենք, իր անվան տակ գրեթե ոչինչ չունի, սակայն դա նրան չի խանգարում ապրել դղյակներում, քշել հարյուր հազար դոլար արժեք ունեցող մեքենաներ, հանգստանալ աշխարհի լավագույն էկզոտիկ վայրերում և այլն, և այլն... Միգուցե հնարավոր է ստեղծել մի համակարգ, որը ի զորու է ապացուցել, որ հանցագործի բարեկամների, հարազատների վրա գրած ունեցվածքը իրենցը չէ, այլ հենց հանցագործինն է...
Հ.Գ. Այլ ճանապարհ, ցավոք սրտի, չկա..., իսկ ինչ վերաբերվում է անօրինական ճանապարհներով մասնավորեցված օբյեկտների բռնագանձմանը, դա այլ թեմա է, որը նույնպես արժանի է մեր ուշադրությանը: Ես քաջ գիտակցում եմ, որ այս հոդվածը կարդացողներից շատերը կարող են ասել, որ սա զուտ ուտոպիա է իրենից ներկայացնում, նման բան պրակտիկորեն անհնար է, մոռանալով, որ շատ զարգացած երկրներում վաղուց գործում են տարբեր պետական մեխանիզմներ` հայտնաբերելու հանցագործի մոտ կանգնած շրջապատի «ձեռք բերած» գույքի աղբյուրը և միջոցները, և առկա են բազմաթիվ օրինակներ, երբ ապացուցվել է, որ այդ ունեցվածքը ձեռք է բերված հանցագործ ճանապարհով և բռնագանձվել է ամբողջությամբ...