Իմ հզո՛ր սյունեցիներ
Սյունիքը մեր կարիքն ունի։ Սյունիքը թշնամուց պետք է փրկենք: Արյունով պահած հայրենիքի 75 %֊ը թշնամուն նվիրաբերած կառավարությունը միտք ունի այսօր Սյունքը դնել թշնամու զոհասեղանին։ Ավելին՝ այդ մասին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խոսում է երկրի թիվ մեկ ամբիոնից:
Սա մի սահմռկեցուցիչ երազ է հայ ժողովրդի համար, երբ Արցախն ու Սյունիքը ոչ թե թշնամուց, այլ «հայից» պետք է և պարտավոր ենք պաշտպանել:
Բայց մենք իրավունք չունենք դա թույլ տալու, ինչպես իրավունք չունենք թուլանալու և մեր երեխաներին անհայրենիք թողնելու։
Հայ ժողովրդի պատմության մեջ ծայրահեղ ժամանակաշրջանի այս պատասխանատու պահին պետք է համախմբվենք, ոտքի կանգնենք ու փրկենք Սյունիքը թշնամուց։
Սյունեցին դեռ 100 տարի առաջ կարողացել է ընդդիմանալ թուրքական 15 000֊անոց բանակին, սյունեցին իր ասելիքն ասել է Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։ Այսօր կրկին հասունացել է պահը, և անհրաժեշտ է Սյունեցու վճռորոշ քայլը։ Թույլ չենք տալու Սյունիքն էլ արժանանա Արցախի ճակատագրին։
Դիմում եմ ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունն ամեն ինչից վեր դասող հայերին և մասնավորապես՝ սյունեցիներին.
Համախմբված ելեք ոտքի, պայքարեք հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր երեխաների և հանուն Սյունիքի։
Սա վաղուց այլևս քաղաքական պայքար չէ, սա պաշտոնի ու աթոռի կռիվ չէ, սա գոյության խնդիր է, լինելու և չլինելու խնդիր է:
Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց Հայաստանի աշխարհագրական այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։
Հիշե՛ք, մեր անունը պայքար է, մեր վերջը՝ հաղթանակ։
Ոտքի՛ ել ըմբոստ սյունեցի, ոտքի՛ ել ըմբոստ հայ։
Աստված է մեր արդար պայքարի առաջնորդը:
Կհանդիպենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել